Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները լրջորեն կամրապնդվեն երկու երկրների սահմանամերձ նահանգների միջև առևտրային կապերի զարգացման դեպքում, հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Հորրամը՝ իրանական տարածաշրջանից Հայաստան կատարած տնտեսական և առևտրային պատվիրակության այցի ընթացքում, հայտնում է Mehr-ը:
Նահանգապետը կարևորել է Իրանի համար հարևան երկրների խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը: Նա նշել է, որ Իրանի սահմանամերձ նահանգից պատվիրակության այցը Հայաստան վկայում է հարևան հանրապետության հետ կապերի ընդլայնման Իրանի մտադրությունների լրջության մասին:
«Իրանը և Հայաստանը քաղաքական և տնտեսական հարաբերությունների առումով ռազմավարական լավ իրավիճակում են գտնվում», — հայտարարել է Հորրամը՝ նշելով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:
Նա հույս է հայտնել, որ այդ ուղևորությունից հետո կվերացվեն Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման խոչընդոտները: Նրա խոսքով, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը և Սյունիքի մարզը կարող են կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ընդլայնման գործում:
«Արևելյան Ադրբեջանի հարմար ենթակառուցվածքը, ներառյալ Հայաստանի հետ ընդհանուր սահմանի «Արաս» ազատ տնտեսական գոտին և 50 սահմանամերձ քաղաքների և արդյունաբերական գոտիների առկայությունը, կարող է բարձրացնել երկու երկրների միջև առևտրի մակարդակը», — նշել է իրանցի նահանգապետը: