ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։
ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։ Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր։