2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և կազմել 5.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4%: Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հայտնել է, որ 2023 թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը:
«ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,-ասել է նա՝ շեշտելով, որ 2023-ի սկզբին ՀՀ տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը:
Ըստ ԿԲ խորհրդի՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն արագորեն կնվազի, առաջիկայում կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: ԿԲ նախագահը հայտնել է նաև, որ 2023 թ. մայիսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%: