Մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ թուրքական լիրան հասել է ռեկորդային նվազագույնի, գրում է tradingeconomics.com-ը:
Ըստ կայքի՝ տեղեկություններ կան, որ Կենտրոնական բանկը միջամտել է մայիսի 14-ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո լիրայի հետագա անկումը կանխելու համար:
«Ենթադրվում է, որ երկրորդ փուլը նույնպես լարված կլինի, քանի որ ներդրողները ուշադիր հետևում են ընտրություններին ապագա տնտեսական քաղաքականության նշաններին, հատկապես երկրի անօրինական միջոցառումներին, բարձր գնաճին՝ 43,7% և այս տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքներին»,- հայտնում է աղբյուրը:
Նշենք, որ տարեսկզբից լիրան արդեն արժեզրկվել է 6,4%-ով։ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 49,52 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։