ԿԲ-ի աջակցությամբ և գործընկերների կողմից ռիսկերի պատշաճ կառավարման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգը կարող է զերծ մնալ ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներից, հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 13-ի ասուլիսում։
«Մենք բանկային և ֆինանսական համակարգի հետ աշխատում ենք, որպեսզի պոտենցիան, հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնանք։ Կան որոշակի դեպքեր, որ կազմակերպությունները բանկերում հաշիվներ են ունեցել և իրականացրել են ռիսկային գործառնություններ, բայց դրանք եզակի դեպքեր են և տարերային բնույթ չեն կրում։ Ես կարծում եմ, որ մեր գործընկերների կողմից իրենց ռիսկերի ճիշտ կառավարման և մեր կողմից որոշակի օժանդակության՝ նյութերի տրամադրման, խորհրդատվության արդյունքում կունենք մի իրավիճակ, որ ՀՀ-ն զերծ կմնա պոտենցիալ ռիսկերից և այդ ռիսկերը չեն ազդի Հայաստանի ֆինանասկան շուկայի և տնտեսական զարգացման վրա»,- նշել է ԿԲ նախագահը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ոչ մի կերպ չի փորձում օգնել շրջանցել իր ռուս գործընկերների համար պատժամիջոցները՝ մեկնաբանելով «The New York Times»-ի զեկույցը Հայաստանի և Ղազախստանի տարածքով Ռուսաստան արևմտյան ռազմական տեխնոլոգիաների մատակարարումների աճի մասին՝ շրջանցելով պատժամիջոցները։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր հայաստանյան «Tako LLC» ընկերությունը, իսկ մայիսի 19-ին պատժամիջոցներ սահմանեց նաև լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական «Medisar» ընկերության դեմ։ Ավելի ուշ՝ մայիսի 22-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։