«Wildberries» ընկերությունը երեկ՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել է, որ ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Հայաստանյան տնտեսվարողները, սակայն, ընկերությանը մեղադրում են հայկական բիզնեսը վերացնելու մեջ, նշում, որ հայկական փոքր և միջին ձեռնարկությունները «մահվան» վտանգի առաջ են։ Նրանք կառավարությունից պահանջում են արգելել ընկերության գործունեությունը Հայաստանում։ Այս պահանջով նրանք այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ։
«Wildberries» ընկերության մամուլի ծառայությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ վերոնշյալ տեխնիկական սխալը շտկվել է կայքում և աշխատանքները վերջնականապես կավարտվեն մոտ ապագայում։ Հայտարարությունից հետո, սակայն, տնտեսվարողները հետ չեն կանգնել իրենց պահանջից։ «Stop wildberiies Armenia» նախաձեռնությունը հայաստանյան տնտեսվարողներին կոչ էր արել այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղն առավոտյան լինել ՀՀ կառավարության շենքի մոտ և բողոքի ձայնը բարձրացնել։ Այս պահին նրանք կառավարության շենքի դիմաց են։
Հայ տնտեսավարողներն ընկերությանը դեմպինգի մեջ են մեղադրում (մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում-խմբ․)։
«Stop wildberiies Armenia» նախաձեռնության անդամ Արման Թումասյանը Armenia Today-ին հայտնել է բողոքի ակցիայի նպատակների ու պատճառների մասին։
««Wildberries»-ի պատճառով երկու ամիս առաջ փակել ենք մեր ընտանեկան բիզնեսը։ «Wildberries»-ը միջին ու փոքր բիզնեսին «ուտելու» և վերացնելու է։ Բացի այդ, վերանալու է հայկական բանկերի մոտ 90 տոկոսը, որովհետև բանկերը մի քանի տասնյակ միլիարդ դոլար փող են ներարկել միջին ու մանր բիզնեսի մեջ։ Մեզ մոտ դպրոցի շրջանի ապրանքի 80 տոկոսը չի վաճառվել, որովհետև նույն կոշիկը մեզ մոտ վաճառում են 7000-ից 8000 դրամով, իսկ «Wildberries»-ում 3500 դրամ է»,-ասաց նա։
Թումասյանի կարծիքով՝ իրականում անհավասար մրցակցության խնդիր կա։
«Երբ տեղական բիզնեսը չլինի ու «Wildberries»-ը մենաշնորհային դիրք ունենա, գները կբարձրանան։ Նույն կոշիկը կդարձնի 12 հազար, բայց մեր ժողովուրդն էլ այլընտրանք չի ունենա, քանի որ տեղական միջին ու փոքր ընկերություններն արդեն փակված կլինեն»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ նման նախադեպեր մեր երկրում արդեն իսկ եղել են։
Նա շեշտեց, որ տուժելու է նաև հաշվապահության ուղղությունը։
«Այս ոլորտն ընդհանրապես ցմահ վերանալու է Հայաստանից։ Մոտ 120 հազար փոքր ձեռնարկություն կա, եթե «Wildberries»-ի պատճառով այս ընկերությունները փակվեն, պատկերացրեք, թե ինչ իրավիճակում կհայտնվեն հաշվապահական ընկերությունները»,-նշեց Թումասյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե առաջիկայում ընկերությունը չփակվի ու առևտրով զբաղվող հայ տնտեսվարողները ձմեռային պարանքներ չվաճառեն, հայկական բիզնեսը կմահանա։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։