Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կարողությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 100 մլն դոլարով, տեղեկանում ենք Forbes-ի 2024 թվականի միլիարդատերերի համաշխարհային վարկանիշից: Վարդանյանը 2024-ի վարկանիշում զբաղեցրել է 2545-րդ տեղը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ։ 2023 թվականին ամսագիրը նրա կարողությունը գնահատել էր 1,2 մլրդ դոլար և գործարարին դասել վարկանիշի 2259-րդ տեղում։
Նա Forbes-ի համաշխարհային վարկանիշում Հայաստանի միակ միլիարդատերն է: Դա պայմանավորված է նրանով, որ 2021 թվականին նա ստացել է հայկական անձնագիր, իսկ 2022 թվականին հրաժարվել է ռուսականից։ Մինչ այդ ամերիկյան ամսագիրը Վարդանյանին դասել էր ռուս միլիարդատերերի շարքին։
Վարդանյանը 1990-ականների սկզբին գործընկերների հետ հիմնել էր «Тройка Диалог» ներդրումային ընկերությունը, որը հետագայում՝ 2013 թվականին, 1,4 մլրդ դոլարով վաճառվել էր Սբերբանկին։ 2022 թվականին նա տեղափոխվել էր Արցախ և նույն թվականի նոյեմբերին դարձել Արցախի Հանրապետության պետական նախարար, սակայն արդեն 2023 թվականի փետրվարի վերջին թողել էր այդ պաշտոնը։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո գործարարին ձերբակալել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Այժմ նա գտնվում է Բաքվի բանտում։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին Forbes-ը հայտնել էր, որ Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար է ներդրել Հայաստանում, Արցախում և տարբեր բարեգործական ծրագրերում: «Ամերիաբանկը», որը պատկանում է Ռուբեն Վարդանյանի Imast Group (CY) Limited-ին, վաճառվել էր Bank of Georgia բանկի սեփականատերերին: Մարտի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը նախնական հավանություն էր տվել գործարքին։