Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ է, և քաղաքական որոշման դեպքում կսպասարկի, լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկել 3-րդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- ասել է Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նշել է, որ տեղեկություններ չունի՝ թուրքական կողմից անցակետի արդիականացման աշխատանքներ տարվում են, թե՝ ոչ։
Օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ սահմանը կարող են բացել Հայաստանի հետ այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։