Մարտի 31-ին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի ընդունած որոշմամբ՝ երեք ամսով՝ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միությունից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը
«Խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների մասին է։ Եթե ԵԱՏՄ անդամ երկրները ներմուծում են ապրանքատեսակները, որոնք ցանկում կան, դրանց վրա արգելք չի դրվում»,- ասաց Սիմոնյանը։
Նախարարի տեղակալը հայտնեց, որ արգելքը չի տարածվում նաև հումանիտար օգնության, բեռների փոխադրման, հումանիտար ձևով երրորդ երկիր արտահանելու դեպքում։
Սիմոնյանի խոսքով՝ ԵԱՏՄ խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական նշանակության մի շարք ապրանքների՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար և այլ ապրանքների ներկրման համար 3 ամիս ժամկետով՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը, սահմանվել է ներկրման զրոյական մաքսատուրք: