Այսօր «Հայ գործարարների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Կարապետյանն ընդգրկվել է Forbes-ի 2023 թվականի ամենահարուստ ռուսների վարկանիշային աղյուսակում: Նրա ընկերությունը խոշոր ներդրող է Հայաստանի տնտեսության մեջ։ «Տաշիր» ընկերությունների խումբն իր բարեգործական հիմնադրամի միջոցով պարբերաբար ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում։
Armenia Today-ը «Կյանքի կանոններ» բաժնում հավաքագրել է մեջբերումներ Կարապետյանից։
Հայ ժողովուրդը միասնական է, և մենք միասին ապրում ենք բոլոր իրադարձությունները մեր ընդհանուր հայրենիքում։ Ցանկացած բաժանում ներկա իրավիճակում վտանգավոր է։
Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով։
Ուժեղ սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է։ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն։
Արցախը կենդանի է, քանի դեռ կան արցախցիները։ Եվ մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի։
Արցախի ժոցովրդին չի հաջողվի կոտրել շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով։
Աշխարհը չպետք է աչք փակի Ադրբեջանի մահաբեր հարվածների վրա։ Ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը վարում է հայ ժողովրդին կեղեքելու և էթնիկ ատելության քաղաքականություն։
Ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անարդարացիորեն ձերբակալված են և գտնվում են Բաքվի բանտում։
Հյուսիս-հարավ ծրագրերին մասնակցությունը լոգիստիկ առումով ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը։ Հայաստանն ունի գեղեցիկ Սյունիքի մարզ, որը միշտ կանգուն է լինելու այս ճանապարհին։ Հիմա ամբողջ աշխարհի գերխնդիրը մեր տարածաշրջանը մեզանից ինչ-որ կերպ խլելն է, բայց, կարծում եմ, ոչ ոքի չի հաջողվի, և ամեն դեպքում՝ մենք կլինենք Հյուսիս-հարավ ճանապարհի մասնակից։
Մենք պետք է հնարավորություններ ստեղծենք տնտեսական և բիզնեսի զարգացման համար, որտեղ Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել:
Այսօր Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին։
Ռուս-հայկական հարաբերությունները հատկապես կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված հետագա կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։