Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ, հայտնել են գերատեսչությունից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման:
«Starlink-ի՝ Հայաստանում գործարկման շուրջ դեռևս կոնկրետ պայմանավորվածություն չկա: Ներկայումս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Starlink Services ՍՊ ընկերության միջև քննարկումներ են տարվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործունեության ապահովման հարցերի շուրջ»,- տեղեկացրել են նախարարությունից:
Միաժամանակ՝ նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանում Starlink-ի գործարկման մասին կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Գերատեսչությունը հավելել է, որ այս պահին չի կարող նշել համակարգի գործարկման ժամկետները, ինչպես նաև մանրամասներ հայտնել Հայաստանում դրա ծածկույթի հնարավոր գոտիների մասին:
«Ներկա դրությամբ ՀՀ տարածքում ընկերության արբանյակային գործարկման, ժամկետների, ինչպես նաև ցանցի կիրառման տարածքների ժամկետ չենք կարող նշել»,- հավելել են նախարարությունից։
Իլոն Մասկը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին։ Հունիսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։