Կառավարությունը 6 ամսով արգելել է 25 հազարից ավելի կենդանի խոզի ներմուծումը Հայաստան։ Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։
Նախագծում ասված է, որ ՌԴ-ից ու Բելառուսից խոզի մսի ներկրման ծավալներն այս տարի կտրուկ ավելացել են։ Հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն (56,3%-ով ավելի)։
«Ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ում օրական սպառվում է 82 տոննա խոզի միս, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։
Հայաստանում խոզի արտադրությամբ զբաղվում է շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտ, որտեղ կենտրոնացված է շուրջ 131 հազար գլուխ խոզ կամ երկրում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը, ասված է նախագծում։
Արցախից բռնի տեղահանված ֆերմեր Նարինե Մաթևոսյանը Armenia Today-ին պատմել էր, որ Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվելը ոչ եկամտաբեր է և նշել, որ խոզի միսն անընդհատ էժանանում է այն դեպքում, երբ կերը մնում է բավականին թանկ։ Նրա խոսքով՝ վաճառքից ստացված եկամուտը չի ծածկում կենդանիներին կերակրելու և խնամելու ծախսերը։