Նյու Դելիում տեղի ունեցած Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունները հնդկական կողմից վարել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:
«Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում:
Նախորդ եռակողմ խորհրդակցությունները կայացել էին 2023թ. ապրիլին Երևանում։