Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հայ գործարար համայնքը մտահոգված է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին լուրերով։
«Համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսն ստացվում է Եվրասիական միության երկրներից»,- նշել է նա։
Կարապետյանն ընդգծել է, որ չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը Հայաստանին արդեն իսկ տալիս է կայուն տնտեսական աճ և ապահովում է նրա անվտանգության անհրաժեշտ մակարդակը միջազգային ներկա անորոշ իրավիճակում։
Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը ԵԱՏՄ-ի հետ հնարավոր դուրս գալու հետևանքների թվում անվանել է մաքսատուրքերի ներդրումը, որը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, և նվազեցնել Հայաստանից ապրանքների մրցունակությունը։ Սա, իր հերթին, կհարվածի ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում հիմնական ներդրողը Ռուսաստանն է, հավելել է նա։
Կարապետյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիներն օգտվում են արտոնյալ պայմաններից, և միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում Հայաստանից եկած աշխատուժի իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի երկիր տրանսֆերտների նվազմանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը կոչ է արել հաշվի առնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված ռիսկերի կարևորությունը։ Նա հիշեցրել է, որ 1990-ականներին էներգետիկ ճգնաժամ ապրած Հայաստանի համար այս հարցը հատկապես արդիական է, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման համար, ինչը, ըստ Կարապետյանի, «կարևոր է մեր երկրի համար»։
Գործարարը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կգնահատեն այն քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։
«Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ ազգային անվտանգության հարցերի վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դասել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները կարող ենք տեսնել Վրաստանում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ընդգծել է Կարապետյանը։
Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կառավարությունը ներկայումս չի ծրագրում երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Նախարարը համոզմունք էր հայտնել, որ այնքան էլ էական չէ՝ Հայաստանը ԵՄ մա՞ս է, թե՞ ԵԱՏՄ։ «Գլխավորն այն է, որ երկրի տնտեսությունը բարձրացնի իր մրցունակությունը»,- ասել էր Պապոյանը։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։
Նույն օրը Կրեմլը մեկնաբանել էր ՀՀ կառավարության այս որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան ԵՄ անդամակցության նախագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «դավաճանություն» էր անվանել ՀՀ կառավարության որոշումը՝ աջակցելու ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։
Հունվարի 11-ին Եվրոպական միության արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրական նախաձեռնությունը՝ սկսելու հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչպես նաև նախատեսում է այն քննարկել Երևանի հետ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին, որի անվանումն է «Համահայկական միասնական խորհուրդ»: Շարժումը հիմնված...