«Ինժեներական քաղաքում» գործող «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոնը բաժանմունք է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի» կազմում։ Այն արդյունաբերության վրա հիմնված կրթական ամբիոն է, որը համատեղում է ավանդական կրթությունը արդյունաբերության վրա հիմնված կրթության հետ, որտեղ դասընթացների, լաբորատոր աշխատանքների և հետազոտությունների մի մասը տեղի են ունենում Ինժեներական քաղաքում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ամբիոնը առաջարկում է երկու կրթական ծրագիր.
Չափիչ սարքավորումներ և համակարգեր
Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր:
Դրանք բակալավրիատի քառամյա ծրագրեր են, որոնք ավարտվում են դիպլոմային նախագծերով: Դիպլոմային նախագծերն արդյունաբերությանն առնչվող նախագծեր են, որոնք առաջարկվում և ղեկավարվում են արդյունաբերության մեջ աշխատող խորհրդատուների կողմից:
Ամբիոնի շրջանավարտները ստանում են Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագետ բակալավրի որակավորում «Սարքաշինություն և չափագիտություն» և «Ռադիոտեխնիկա և կապ» ոլորտներում։
Պարբերաբար իրականացվող դասընթացներից բացի, ամբիոնում գործում է նաև «After-Hour» ծրագիրը, որը ներառում է՝
«Ճարտարագիտական ներածություն» ծրագիրը 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար
«EC պրակտիկա» ծրագիր Ինժեներական քաղաքի ընկերություններից մեկում 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար
«Տեխնոլոգիական ուսուցում» ծրագիր
Ամբիոնում գործում է նաև տեղաբաշխման գրասենյակ, որը շրջանավարտներին աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում»,-ասված է հայտարարության մեջ։