Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, որի առթիվ պաշտոնյաները շնորհավորանքներ են հղել։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում նշել է, որ արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները: Նախագահն առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին մաղթել է խաղաղ ընթացք կյանքի այս նոր փուլում և նշել, որ պետք է սովորել, գիտելիք ու փորձ ձեռք բերել և հարստացնել հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը: Նախագահն առանձնահատուկ շնորհավորանքներ է հղել նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթել հաջողություններ բարդ և պատասխանատու աշխատանքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր ուղերձում շեշտել է, որ կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: Նրա խոսքով՝ բազում մարտահրավերների դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: «Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նույնպես ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նա շեշտել է, որ իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ «Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում նշել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Նա ընդգծել է, որ գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը: «Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով»: