Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Ըստ նախարարության, Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել:
«Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ ՀՀ-ն «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն:
«Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից: Ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա անմիջական մոտակայքում կամ հենց ուսումնական հաստատության տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց, որը հնարավոր գործողությունների պարագայում դառնում է առաջնահերթ խոցման թիրախ։ Ուստի երեխաների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք է՝ զերծ մնալ այդ հաստատություններում ռազմական բնույթի կառույցների տեղակայումից»,- հայտնում է նախարարությունը։
Ընդգծվում է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին հնարավոր մեղադրանքներ հնչեցնելու նպատակով:
«Ինչ վերաբերում է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ապա այս առումով հետևողականորեն ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր առարկայական նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մասնավորապես 2021 թվականից կազմակերպվում են մարզառազմական ճամբարներ, որոնք, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված, 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար »,- հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները։