Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը (ISHR, Նյու Յորք, ԱՄՆ) հրապարակել է ուշագրավ բացահայտումներ՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների հիմնական դերակատարների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները տեղադրված են ISHR կայքում:
Բացահայտվել են Արցախում ռազմական հակամարտության անմիջական մասնակիցները. նրանք բաժանվում են մի քանի խմբի՝ Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկանների առաջնորդներ, թուրքական բանակի հրամանատարներ, որոնք վերահսկում էին ռազմական գործողությունները՝ հրահանգներ տալով ադրբեջանական բանակի ստորաբաժանումներին և նրանց ղեկավարությանը, ադրբեջանցի զինվորականներ, որոնք ղեկավարում էին զինծառայողներին և վարձկաններին: Բացահայտվել են նաև այս խմբերի միջև կապերը:
Ստորև այդ անձանց ցուցակն է, որում ընդգրկված են, մասնավորապես, Թուրքիայի 4 և Ադրբեջանի 3 ներկայացուցիչներ, ինչպես նաև սիրիացի վարձկանների առաջնորդներ:
Ջիհադիստ վարձկան առաջնորդներ
Սայֆ Բալուդ, նույն ինքը՝ Սայֆ Աբու Բաքր
Բալուդը 2016 թվականից Սիրիայի ազգային բանակի՝ «Համզայի» դիվիզիայի ղեկավարն էր, որը Թուրքիայի հովանավորության ներքո մասնակցում էր Աֆրինի «Ձիթենու ճյուղ» գործողություններին և Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
Սեպտեմբերի 27-ից հետո նա իր 500 մարդկանց ուղարկեց Ադրբեջան՝ միանալու Արցախի ռազմական գործողություններին:
Բալուդը սիրիացի թուրքոման է (ժամանակակից Սիրիայի և Իրաքի տարածքում բնակվող թյուրքական ժողովուրդ): Թուրքական վարչակազմը համակրում է թուրքոմաններին և պատրաստակամորեն օգտագործում է նրանց «նուրբ» գործողություններում, ինչպես, օրինակ, վերջին բախումներում, այսպես կոչված, «վստահված անձի պատերազմներում», երբ հակամարտող կողմերը փորձում են իրենց նպատակներին հասնել տարածաշրջանային ռազմական գործողությունների միջոցով՝ օգտագործելով երրորդ երկրի ռեսուրսները:
2013-ին Բալուդը նկարահանվեց ԴԱԻՇ-ի քարոզչական տեսահոլովակում: Նա և իր ստորաբաժանումը պատասխանատու են բազմաթիվ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քուրդ կանանց առևանգման և Աֆրինում դաժան բռնաճնշումների համար: Նա Թուրքիայի կողմից աջակցվող ամենավստահելի առաջնորդներից է:
Ֆեհիմ Իսա, հայտնի է նաև որպես Իսա ալ-Թուրքմանի
Առնվազն 2015 թվականից Իսան ղեկավարում էր Սիրիայի ազգային բանակի (Թուրքիայի կողմից հովանավորվող զինված խմբավորում Սիրիայում) Սուլթան Մուրադ խմբավորումը, որն անմիջականորեն մասնակցում էր Լիբիայի քաղաքացիական պատերազմում «Եփրատի վահանի» և «Ձիթենու ճյուղի» գործողություններին: Բալուդի նման նա էլ էթնիկ թուրքոման է և վայելում է թուրքական հովանավորչությունը: Իսան իր զորամասի հետ միասին կռվել է նաև Արցախում՝ Թուրքիայի աջակցությամբ: Նա և իր մարդիկ մեղադրվում են բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ, ինչպիսիք են քուրդ զինվորներին խոշտանգելը և քաղաքացիական անձանց վրա անխնա կրակելը:
Աբու Ամշա, իսկական անունը՝ Մուհամմադ ալ-Ջասիմ
Ամշան Սուլեյման շահի բրիգադի ղեկավարն է, որը մեծ ճանաչում ձեռք բերեց 2018-ին՝ որպես Թուրքիայի աջակցությամբ Աֆրինը գրավող ամենադաժան խմբավորումներից մեկը: Ենթադրվում է, որ Աֆրինում ալ-Ամշատը գույք է առգրավել, փրկագնի դիմաց մարդկանց առևանգել, թալանել, բռնաբարել ու սպանել: Ամշան անմիջական մասնակցություն է ունեցել այդ պատերազմական հանցագործություններին: Առևանգված մարդկանց դիմաց փրկագին պահանջելով՝ նա տարեկան «վաստակել» է մինչև 12 միլիոն դոլար:
Հաղորդվում է, որ թուրքական հովանավորությունը նրան թույլ է տալիս խուսափել պատժից: Ամշան նույնպես սիրիացի թուրքոման է: Նա վարձկաններ է հավաքել Լիբիայի պատերազմի համար և իր ժողովրդի հետ տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու Արցախի դեմ ռազմական գործողություններին:
Մարդիկ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում արցախյան ռազմական գործողություններին, բայց կապված էին այնտեղ կռված կազմակերպությունների հետ.
– Ահմեդ Օսման, «Սուլթան Մուրադ» դիվիզիայի մեկ այլ հրամանատար, որը մասնակցել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» գործողություններին և Լիբիայի քաղաքացիական պատերազմին:
– Աբու Ջալալ. ժամանակին եղել է «Համզա» դիվիզիայի ռազմական առաջնորդ, ներկայիս կարգավիճակն անհայտ է:
– Հասան Աբդուլլահ Կուլլի. «Համզա» դիվիզիայի «Քրդական բազեների բրիգադի» հրամանատար:
– Մուհամմադ ալ-Աբդուլլահ. հայտնի է որպես «Համզա» դիվիզիայի պետվարչության ղեկավար»:
– Ֆադլալլահ ալ-Հաջի. «Ֆեյլաք ալ-Շամ» թուրքամետ ստորաբաժանման ղեկավար, որը կռվում էր Սիրիայում, Լիբիայում, ապա ուղարկվեց Արցախ: Ալ-Հաջին և նրա մարդիկ կապեր ունեն եգիպտական «մահմեդական եղբայրների» հետ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերին նա թոշակի է անցել:
Թուրքիայի ԶՈւ հրամանատարներ
Գեներալ-մայոր Բախտիար Էրսայ
Էրսայը Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման պետն է, Արցախում ղեկավարել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբը՝ Նաջմեդդին Սադիկովի պաշտոնանկությունից հետո։ Ավելի վաղ Էրսայը գլխավորել է հատուկ նշանակության ջոկատի 2-րդ բրիգադը, որը կանոնավոր կերպով մասնակցում էր ՔԱԿ ստորաբաժանումների հետ մարտերին: Այդ բրիգադը հայտնի էր քուրդ քաղաքացիական անձանց և զինվորների նկատմամբ իր դաժանությամբ (պարունակում էր «Գորշ գայլերի» տարրեր)։
Էրսայը հավաքագրել է վարձկանների՝ Սիրիայի և Լիբիայի ռազմական գործողությունների համար, հետևել, թե ինչպես են նրանք այնտեղ կռվում: Այնպես որ, ջիհադիստ վարձկանների հետ նա բավականին սերտորեն է կապված։ Էրսայը ներգրավված է եղել «Կուվալդա» օպերացիայում՝ պետական հեղաշրջման չկայացած փորձի մեջ, որը, իբր, նախապատրաստվել էր թուրքական ռազմական վերնախավի կողմից 2003 թվականին։ Պատժի ժամկետի մի մասը չկրելով՝ նա ազատ է արձակվել, իսկ գործի հանգամանքները պարզ չեն։
Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայ
Օնգայը Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարն է։ Նրա անցյալի մասին քիչ բան է հայտնի։ Փաստը, որ Օնգայը կարողացել է երկարացնել իր բանակային պայմանագիրն այն ժամանակ, երբ նախագահ Էրդողանը մաքրում էր բանակը, վկայում է պետական և ռազմական վարչակազմի կողմից նրա հանդեպ ունեցած վստահության մասին։ ԵԱՀԿ հայկական պատվիրակությունը պնդում է, որ Օրսայը մասնակցել է Արցախի ռազմական գործողությունների պլանավորմանն ու անցկացմանը: ISHR-ը հայտնում է, որ նա նկատվել է Ադրբեջանում մինչև մարտական գործողությունների սկսվելը՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ ադրբեջանցի զինվորականների հետ քննարկել է համատեղ գործողությունների պլանավորումը:
Գեներալ-մայոր Գյոքսել Կախյա
Կախյան Թուրքիայի ԶՈւ-ի ԱԹՍ-ների, ռազմաօդային ուժերի մատակարարման և սպասարկման 1-ին կենտրոնը գլխավորող կարևոր թուրք հրամանատար է: Մինչ Արցախյան հակամարտությունը նա ղեկավարել է թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների կիրառումը Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այնուհետև դրոնների գործարկման այդ փորձը տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ թուրք գեներալը գտնվում էր 2020 թվականի հուլիսից և վերահսկում էր «Bayraktar TB2» անօդաչուների թռիչքները: Նշվում է, որ այդ անօդաչու սարքերը կարևոր դեր են խաղացել հակամարտության մեջ Ադրբեջանի հաղթանակի և քաղաքացիական բնակչության իրավունքների խախտման գործում, հատկապես գիշերային ժամերին:
Ադնան Թանրըվերդի
Թանրըվերդին թուրք պաշտոնաթող գեներալ է և SADAT Inc մասնավոր պաշտպանական ընկերության հիմնադիրը: International Defense Consultancy-ն հիմնադրվել է 2012 թվականին: Նա ստիպված է եղել հեռանալ բանակից 1996 թվականին իսլամիստների հետ կապերի պատճառով և SADAT-ը համալրել է այլ արմատական իսլամիստների հետ: Թանրըվերդին զգալի ազդեցություն ունի Էրդողանի վրա՝ ենթադրաբար գործի դնելով SADAT-ը 2016 թվականի հեղաշրջման փորձի դեմ, ինչպես նաև օգնելով վերակազմավորել և մաքրել թուրքական ԶՈւ-ն։ Հիմա SADAT-ը համարվում է «ստվերային բանակ»: Հաղորդվում է, որ նա և իր ընկերությունը կարևոր դեր են խաղացել մոտ 3000 սիրիացի վարձկանների՝ Լիբիա և Արցախ հավաքագրելու, համալրելու և տեղափոխելու գործում։
Ադրբեջանցի հրամանատարներ
Գեներալ-մայոր Հիքմեթ Հասանով
Նա Արցախի հակամարտության հյուսիսային ճակատում գործող Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարն է: Նա կարևոր դեր ունի Սուգովուշանի և հյուսիսում այլ նպատակակետերի գրավման մեջ: Նշվում է, որ մի քանի լեզուների տիրապետող Հասանովը ադրբեջանցի գեներալների երիտասարդ սերնդի ներկայացուցիչն է, որը կապ չունի նախկին Խորհրդային Միության հետ, ինչը նրան թույլ է տվել առաջ շարժվել այն բանից հետո, երբ ռուսամետ գեներալները (օրինակ՝ Սադիկովը) հեռացվել են իրենց պաշտոններից: Նա նաև կարևոր դեր է խաղացել հակամարտության 2016-ի կոնֆլիկտի սրման ժամանակ:
Գեներալ-մայոր Մայիս Բարխուդարով
Բարխուդարովը Արցախի հակամարտության հարավային ճակատում գործող Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն է: Հիքմաթ Միրզաևի հետ (տես՝ ստորև) նա կարևոր դեր է խաղացել Ջաբրայիլի գրավման գործում։ Ինչպես և Հասանովը, նա ադրբեջանցի գեներալների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է։ Բարխուդարովը նաև կարևոր դեր է խաղացել 2016-ի հակամարտության ընթացքում՝ անմիջականորեն մասնակցելով Լելե Թեփե բարձունքի գրավմանը:
Գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաև
Միրզաևն այստեղ հիշատակված երեք գեներալներից ամենաբարձր կոչումն ունի և ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ղեկավարն է, որը կարևոր դեր է խաղացել 2016 և 2020 թվականների պատերազմներում հաջողության հասնելու գործում: Շատ հատուկ ջոկատայիններ նույնպես վերապատրաստվել են Թուրքիայում: Միրզաևը նույնպես, հավանաբար, նախկինում աշխատել է թուրքական հրամանատարության հետ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Միրզաևը դարձել է գեներալ-լեյտենանտ։ Անհասկանալի է, թե հրամանատարների որ սերնդին է պատկանում նա, սակայն, ակնհայտորեն լավ հարաբերությունների մեջ է ինչպես թուրքերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ, նշվում Է զեկույցում։