ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը հիասթափված է մի շարք հարցերի շուրջ Թուրքիայի դիրքորոշումից, ինչպես նաև ցույց է տալիս,որ այս երկրների միջև հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն։
Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ընդունելով ցեղասպանության ճանաչման բանաձևը՝ Միացյալ Նահանգները փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը, ի տարբերություն նախորդ տարիների, բոլորովին չի միջամտել բանաձևի քննարկման գործընթացին»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը։
Արևելագետի կարծիքով բանաձևի ընդունման հարցում որոշիչ դեր է խաղացել քաղաքական միջավայրը։
«Իհարկե բանաձևի ընդունման գործում վճռորոշ դեր է խաղացել նաև հայկական լոբբիին, սակայն վճռորոշ դարձավ ամերիկա-թուրքական հարաբերությունների սառեցման գործոնը, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման պատճառով։ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման գլխավոր գործոններից մեկը Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնումն է»,- նշել է արևելագետը։