Ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Զորականչ» ֆիլմաշարը համալրվեց ևս մեկ փաստավավերագրական ֆիլմով՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանին։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Նարեկացի արվեստի միությունում՝ «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում։
«Ֆիլմաշարում կա մոտ 32 ֆիլմ, յուրաքանչյուրը՝ 7-9 րոպե։ Ֆիլմաշարը ներկայացնում է արցախյան առաջին պատերազմից մինչև 2016 թվականի ապրիլյան քառօրյայի մասնակիցներին։ Ամեն ֆիլմը մի դիմանկար է, որտեղ ամփոփվում է հերոսի անցած ուղին ու կենսագրությունը»,- Armenia Today-ի հետ զրույցում մանրամասնեց ֆիլմի ռեժիսորը։
Պրեմիերային ներկա էին Բագրատի ծնողները, հարազատները, նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Կոմանդոսը։
Հերոսի մայրը՝ Նարինե Ասրյանը, ցույց տալով որդու գիրքը, հպարտությամբ նշեց, որ ամեն մի մասունք, որ նվիրված է ապրիլյանի տղաներին, ապրեցնում է իրենց. «Երկու տղաներս միասին են ծառայել, միասին կռվել՝ պաշտպանելով 112-րդ մարտական դիրքը, որը գտնվում է Լելե Թեփե բարձունքում : Երբ որդուս գիրքը լույս տեսավ, Թադևոսյանը կարդաց ու ցանկացավ ֆիլմ նկարել»։
Բագրատը դեռ վաղ տարիքից է ստեղծագործել, տիկին Նարինեի խոսքով՝ տղան միշտ երազում էր ունենալ իր բանաստեղծությունների ժողովածուն։
Խոսելով ֆիլմաշարի մասին՝ Սամվել Թադևոսյանը նշեց, որ ունեն նյութերի հարուստ արխիվ, որոնք անձամբ են հավաքել թե՛ արցախյան առաջին պատերազմի, թե՛ ապրիլյան քառօրյայի ժամանակ. «Այս ֆիլմաշարն ինչ-որ տեղ տուրք է ու մխիթարանքի քայլ, և, վերջ ի վերջո, այդպիսով մենք վավերագրում ենք տարեգրությունը»։
Աննա Կոստանյան