ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» ծրագրին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մասին։ Նրա կարծիքով՝ պետք չէ լիովին բացառել Իրանի և Ադրբեջանի ռազմական բախումը։
-Պարոն Մելքոնյան, ինչո՞վ է պայմանավորված վերջին շաբաթվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի լարվածության աճը:
– Ընդհանրապես, Իրանն այս տարածաշրջանի կարևոր խաղացողներից է, որն իր քաղաքական ոճին հարիր ակտիվ քաղաքական հայտարարություններ չի անում՝ գերադասելով ավելի կուլիսային պայմանավորվածություններ, շփումներ և այլն: Բայց այն, որ Իրանի վերջին շրջանի ակտիվությունն աննախադեպ է, ցույց է տալիս, որ խնդիրները, որոնք անմիջականորեն վերաբերում են Իրանի անվտանգությանը և ինչ-որ առումով հատվում են նաև մեր պետության որոշակի խնդիրներին, հասել են ահագնացող չափերի: Դրանով է պայմանավորված Իրանի բավական ակտիվ արձագանքը:
Իրանի համար կան կարևոր կարմիր գծեր, և դրանցից ամենահայտնին Իսրայելի հետ համագործակցող պետությունների քաղաքականությունն է, Իսրայելի ներկայությունն այս տարածաջրջանում, և հիմնական մեսիջները, որոնք հնչում են Իրանից, հենց վերաբերում են Իսրայելին և ահաբեկիչներին: Այսինքն, Իսրայելի ներկայությունն այստեղ՝ մասնավորապես Ադրբեջանում, Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը, որն ակնհայտ փաստ է, օրինակ՝ առաջին անօդաչու սարքերն Ադրբեջանը հենց Իսրայելից է գնել և կիրառել Ապրիլյան պատերազմի ժամանակ նաև:
Այս ամենն անհանգստացնում են Իրանին և վերաբերում են այդ պետության ամենակարևոր անվտանգային խնդիրներին, և սրանից ելնելով՝ բնական էր Իրանի լարվածությունն Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ:
Իմ կարծիքով՝ հիմա նաև ընթանում են զուգահեռ պրոցեսներ և, որպես մեկ օրինակ, կարող եք համարել Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցության ուղիների մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև այն, որ Իրանն ակտիվ դիվանագիտական շփումների մեջ է ամբողջ տարածաշրջանում, հանդիպում է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաների հետ: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ներքին պրոցես է ընթանում, որի ոչ բոլոր կետերն են առայժմ բարձրաձայնվում:
– Պարոն Մելքոնյան, ինչ խնդիրներ է հետապնդում Թեհրանը՝ ուժեղացնելով ճնշումը Բաքվի նկատմամբ, և հնարավոր համարո՞ւմ եք ռազմական բախման սցենարը:
– Իրանական քաղաքականությունը համադրում է հետևյալ ուղղությունները՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, լոգիստիկ և ռազմական: Այսինքն՝ չբացառելով վերջինը՝ ռազմականը, Իրանն այս պահին ուժեղացնում է քաղաքական-դիվանագիտական ճնշումները, զուգահեռաբար փորձում է լոգիստիկ այլընտրանքներ գտնել, այսինքն՝ իր տնտեսական խնդիրները լուծելու համար, որպեսզի թուլացնի իր կախվածությունը Ադրբեջանից կամ այլ պետություններից: Դրանով են պայմանավորված Հայաստանի հետ նոր ճանապարհների կառուցման ծրագրերը:
Իրականում խնդիրը սա է. Իրանը տվել է մեսիջներ և սպասում է Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքին: Եթե որոշակի ժամանակ այդ մեսիջների համապատասխան արձագանքներ չստանան, ապա բացառել որևէ հեռանկար չի կարելի: Իհարկե, այս պարագայում խոսքը շատ լուրջ պատերազմի, շատ լուրջ աշխարհաքաղաքական ցնցման մասին է, որովհետև պետք է հասկանանք, թե ի՞նչ պետություններ են ենթադրաբար ներգրավվելու պատերազմի մեջ, ինչպիսի՞ն է նրանց քաշային կատեգորիան և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Լիովին բացառել ռազմական բախումը պետք չէ, բայց նաև ապոկալիպտիկ սցենարներ համարել շատ իրատեսական, ճիշտ չէ: Իմ կարծիքով՝ համադրում է, այսինքն՝ զորքի կուտակում և դրա հետ զուգահեռ՝ բանակցություններ. զորքի տեղակայումը, զորավարժություններ, որոնք միտված են այդ բանակցություններն Իրանի համար ավելի շահեկան դիրքերից տանելու համար: Մենք տեսնում ենք, որ պատասխանն էլ է ադեկվատ. եթե Իրանը զորք է կուտակում, ապա նույն ոճով զորք է կուտակում Թուրքիան, եթե զորավարժություն է անում Իրանը, ապա նույն բանն են անում նաև Ադրբեջանը, Թուրքիան համատեղ, այսինքն՝ սա դիվանագիտության և ռազմական տարերրի որոշակի համադրում է: Բայց այդպիսի կտրուկ գնահատականներ, որ պատերազմ կսկսի և կլինի այն վաղը, կարծում եմ՝ փորձագիտական շրջանակներում այդպիսի գնահատականները այդքան էլ ճիշտ չեն: Անհրաժեշտ է նայել ընդհանուր պրոցեսների տրամաբանությանը:
– Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իրանը քիչ թէ շատ չեզոք դիրքորոշում ուներ, բայց ներկայումս նա բաց արտահայտվում է Ադրբեջանի և Թուրքիայի պլանների դեմ: Ինչո՞վ է պայմանավորված նրա դիրքորոշման այս փոփոխությունը:
– Իրանական քաղաքական ոճը կամ սկզբունքները հետևյալն են և երկար ժամանակ նրանք անփոփող են. առաջինը՝ նա տարիներ շարունակ հայտարարում էր, որ տարածաշրջանի պետությունների սահմանների փոփոխությունն իր համար ընդունելի չէ: Սահմանների փոփոխություն ասելով՝ մենք կարող ենք հասկանալ դրա որոշակի հակահայկական բնույթը: Այսինքն՝ Արցախի հետ կապված Իրանի դիրքորոշումը քանիցս արտահայտվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նա ճանաչում է՝ այնտեղ ներառելով Արցախը: Մենք էլ ենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը չներառելով, որովհետև Արցախի խնդիրը լրիվ այլ հարց է:
Հիմա իրավիճակը փոխվել է, որովհետև արցախյան այս պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ: Եվ բանավոր խոսում են Սևանի մասին, Երևանի մասին, Սյունիքի մասին և որոշակի քայլերով ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում, Գեղարքունիքում և այլն: Իսկ Իրանը, շարունակելով հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը, կրկին հայտարարում է, որ տարածքների փոփոխությունն իր համար անընդունելի է, իսկ տարածքային փոփոխության ջատագովները Ադրբեջանը և Թուրքիան են։ Այդ իսկ պատճառով Իրանի քննադատությունն ուղղված է այդ պետություններին:
Իհարկե, միամիտ կլինի կարծել, որ Իրանն այս ամենն անում է հանուն Հայաստանի: Բնականաբար, տարածքի փոփոխություն ասելով՝ նա առաջին հերթին կամ հիմնականում նկատի ունի Սյունիքը , այսպես կոչված, Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքը: Այդ ադրբեջանական և թուրքական սցենարը ձեռնտու չէ Իրանին: Դրա համար Ադրբեջանին հայտարարելով, որ միջազգային ընդունված սկզբունքով տարածքների փոփոխությունն ընդունելի չէ՝ Իրանը դրա տակ հստակ ենթադրում է իր պետության համար կարևոր շահեր: Այդ շահերն այս պահին համընկնում են Հայաստաննի շահերի հետ, և մենք գիտենք, որ քաղաքականությունը շահերի համընկնում է: Այս պահին մենք պետք է հասկանանք, թե այս պահին մեր շահերը որ պետության հետ են համընկնում և որ դեպքերում: Սա իրոք այն դեպքերից է, որ համընկնում է մեր պետության շահերի հետ, և մենք պետք է փորձենք օգտագործել հնարավորինս լավ:
-Բաքուն և Անկարան պլանավորում են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, իսկ Իրանը հայտարարել է իր պատրաստակամության մասին կառուցել նոր տարանցիկ ճանապարհ դեպի Վրաստան Հայաստանի տարածքով: Կարելի՞ է խոսել տարածաշրջանում հաղորդակցության նախագծերի որոշակի մրցակցության մասին և ո՞ր ճանապարհի իրականացումն է ավելի ռեալ:
– Մրցակցություն, բնականաբար, կա: Եթե «Զանգեզուրի միջանցք» ասվածն ունի, բացի լոգիստիկ, նաև քաղաքական և, կարելի է ասել, ազգայնամոլական նշանակություն, որով փորձում են կապվել Ադրբեջանը, Թուրքիան և միջինասիական թուրքալեզու պետությունները, ապա Իրանի առաջարկած այդ նոր ճանապարհը Հայաստանով դեպի Վրաստան ունի առավելապես տնտեսական և լոգիստիկ նշանակություն: Ես իրատեսական եմ համարում այս երկրորդը և կարծում եմ, որ նոր ճանապարհներ, բարեկարգ ճանապարհներ, այլընտրանքային ճանապարհներ ունենալը Հայաստանի շահերից է բխում: Այսինքն, եթե հայ-իրանական գործակցության արդյունքում մենք ունենանք Հայաստանն Իրանին կապող ևս մեկ ճանապարհ, ոչ միայն առկա ճանապարհով, այլև լինի այլ ճանապարհ՝ հաշվի առնելով նաև լեռնային լանդշաֆտը. լինեն թունելներով ճանապարհներ և այլն, ապա ես կարծում եմ, որ դա ձեռնտու է և իրատեսական: Ավելին, համոզված եմ, որ դա շատ արագ կյանքի է կոչվելու, որովհետև Իրանի համապատասխան նախարարությունը ճանապարհների կառուցման հետ կապված հայտարարել է կոնկրետ քայլերի մասին: Ենթադրվում է, որ դրանից առաջ եղել են բանակցություններ Հայաստանի հետ և հիմա հայտարարվում է բանակցությունների որոշակի արդյունքների մասին:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի նպատակներին, ապա դրանք, ինչպես ասեցի, ավելի շատ քաղաքական, ազգայնամոլական և զավթողական են և չեն տեղավորվում կոմունիկացիաների ապաշրջափակման տրամաբանության մեջ, այլ ենթադրում են Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ, որովհետև Ալիևն ասում է․ «Դա մեր տարածքն է, հին Զանգեզուրն է, և մենք պետք է այդ տարածքով անցնենք և կապվենք Թուրքիային»:
Եթե Ալիևն ուղղակի ենթադրի, որ ապաշրջափակում ասելով կարող է Հայաստանի տարածքով անցնեն նաև որոշ ադրբեջանական մեքենաներ՝ համապատասխան միջազգային օրենքներով, ապա դա այլ երևույթ է: Ու ոչ թե իրենց համար ցանկալի տարածքներով, այլ այն տարածքով, որը Հայաստանը նպատակահարմար կգտնի բացել նման տրանսպորտային հաղորդակցության համար: Դա կարող է լինել ոչ թե Մեղրին, այլ մեկ այլ հատված: Եթե այս տրամաբանության մեջ է, ապա սա հասկանալի է, բայց, ցավոք սրտի, այդ տրամաբանության մեջ չէ:
Ալիևը շարունակում է այն նույն քաղաքականությունը, որը սկսվել է հարյուր տարի առաջ՝ Մեղրիի հանդեպ հավակնություններ և այն, որ ամբողջ սովետական Ադրբեջանի պատմության ընթացքում սովետական Ադրբեջանի ղեկավարները, այդ թվում՝ հայր Ալիևը, փորձել են հասնել այդ ճանապարհին: Բայց բոլոր նրանց ցանկությունները միշտ մերժվել են սովետական գրեթե բոլոր ղեկավարների կողմից: Այսինքն՝ սա թուրքական և ադրբեջանական քաղաքականության շարունակությունն է, որն ունի բացահայտ շովինիստական և ազգայնամոլական բնույթ, և բնականաբար, ընդունելի չի կարող լինել ո՛չ մեզ համար, ո՛չ էլ Իրանի համար:
– Լրատվամիջոցներում այսպիսի մի տեսակետ է շրջանառվում, համաձայն որի՝ բախման դեպքում Բաքուն կարող է հրահրել Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների ելույթներն Իրանի կենտրոնական իշխանությունների դեմ: Ինչքանո՞վ է ռեալ այդ սցենարը:
– Այն, որ Իրանում կան պանթյուրքիստական շրջանակներ, տարբեր կառույցներ՝ անլեգալ գործող և դրանց թիրախը Իրանում ապրող թուրքախոս քաղաքացիներն են և այն, որ այդ ամենը սնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, գաղտնիք չէ: Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչքա՞ն է այդ խնդրի իրական կողմը, այսինքն՝ ինչքանո՞վ է այդ թյուրքախոս զանգվածը կամ Իրանի բնակիչները ինչքանո՞վ են պրոթուրքական և պրոադրբեջանական տրամադրված, և ինչքա՞ն է դա չափազանցված: Այն, որ կա այդ խնդիրը, որևէ մեկը չի բացառում, բայց խոսել, որ դա վերահսկողությունից դուրս է, և Թուրքիան ու Ադրբեջանը երբ կկամենան շատ արագ կկազմակերպեն Իրանի ներսում նման պայթյուն, դա նույնպես իրականությունից հեռու է: Դա Իրանի կարևոր ներքին խնդիրներից է՝ սեպարատիստական զանգվածի զսպումը, և մինչ այս պահն Իրանն իր բոլոր լծակներով և կառույցներով կարողանում է լուծել այդ խնդիրը:
Մաղթենք մեր բարեկամ Իրանին, որ իր քաղաքական առաջնահերթությունները շարունակեն նման հաջողությամբ լուծել, որովհետև պանթյուրքիզմը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: