Ստարտափ-նախագծերի հրապարակումների Armenia Today-ի շարքի այսօրվա հյուրի գաղափարը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։ Այս անգամ խոսքը մի նախագծի մասին է, որը, ըստ հեղինակների, կարող է Հայաստանին էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից անկախացում բերել։
Սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի հաղթողների շարքում էր նաև Էդուարդ Հովակիմյանի և իր թիմի նախագիծը։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, գիտական ուղղվածություն չունի։ Նախագիծը, որը ներկայացրել են, եղել է հոր գաղափարը, որն այսօր ինքն է փորձում կյանքի կոչել։
Թեև Էդուարդ Հովակիմյանը համահեղինակ է, դեռ գաղափարի ստեղծման սաղմնային փուլում հոր հետ աշխատել է նախագծի վրա, այսօր արդեն 15 անձանցից բաղկացած խումբ է ձևավորվել, որը համալրվում է։
«Մտահղացում կար, թե ինչպիսի էներգիայի աղբյուր, էլեկտրակայան կարելի է ստեղծել՝ հաշվի առնելով Հայաստանի այն պայմանները, ըստ որոնց՝ մենք էներգետիկ ռեսուրսներից բավականին դեֆիցիտ ունենք։ Մտածում ենք՝ ինչ էլեկտրակայան կարելի է ստեղծել, որը մեր կարիքները կհոգա։ Կանգ առանք բնական քարշի ուժի հիման վրա էլեկտրակայան կառուցելու գաղափարի վրա։ Ավելի պարզ՝ օդը տաքանալուց բարձրանում է վերև։ Նույն մեթոդով աշխատում են ծխնելույզները։ Օդը տաքանում է, բարձրանում վերև, մտնում ծխնելույզի մեջ ու դուրս գալիս։ Եվ եթե ծխնելույզի մեջ տուրբին դնենք, օդի հոսքից հնարավոր է էներգիա ստանալ։ Երբ օդը բարձրանում է վերև, արհեստական քամի է ստեղծվում, որից հնարավոր է էներգիա գեներացնել։ Ուղղակի դրա համար հարկավոր է շատ մեծ ու բարձր խողովակ սարքել, որ կարողանանք զգալի չափերի էներգիա ունենալ։ Հայրս մշակել է էլեկտրակայանի նախատիպը, որը պետք է կառուցվի Հայաստանի լեռնալաջերին»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Հովակիմյանը։
Մանրամասնելով գաղափարը՝ նա հավելեց․ «Մասնավորապես՝ ավելի քան 200 մետր բարձրության խողովակ է կառուցվում, լեռների ստորոտում օդը տաքանալիս մտնում է խողովակի մեջ, հավելյալ արագացում ստանալով՝ բարձրանում սարի գագաթ, որտեղից մենք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ենք ստանում։ Սա կոչվում է արևասեղմումային էլեկտրակայան, որի շնորհիվ մեզ մոտ հնարավոր է 1 կվտ ժամի համար 1-2 դրամով էլեկտրաէներգիա գեներացնել։ Ի տարբերություն արևային կամ վերականգնվող ռեսուրսներով աշխատող այլ էլեկտրակայանների՝ այս էլեկտրակայանը նաև գիշերն աշխատելու հնարավորություն ունի։ Մեծ հաշվով՝ այս էլեկտրակայանները կարող են նաև Հայաստանին ամբողջությամբ էներգետիկ անկախացում բերել»։
Մեր զրուցակցի խոսքով՝ գաղափարն իրագործելու տեղանքներն արդեն ընտրված են։
«Հիմա աշխատում ենք առաջին նախատիպը կառուցելու համար ֆինանսավորում գտնել, որ արդեն ներդրողների համար գործող կայան դառնա։ Ըստ դրա՝ ներդրողներն արդեն կտեսնեն, որ սկզբունքն աշխատող է։ Գաղափարն իրագործելու նախընտրելի տեղանքների շարքում Արա լեռան որոշ տարածքներն են։ Ընդհանուր առմամբ, որքան բարձր եղավ խողովակը, այդքան արտադրողականությունը բարձր է լինելու։ Առաջին նախատիպը կառոցելու համար այս պահին մեր հաշվարկով 40 մլն դրամի ծախս է պահանջվում»,- նշեց նա։
«Buissup Global Forum»-ին մասնակցելու առաջարկը ստացել են Արցախում, այս տարի կայացած «Tech Week Artsakh 2021»-ի ժամանակ։ «Մեր նախագիծն առաջին անգամ Արցախում է ներկայացվել ու արժանացել լավագույն գաղափար մրցանակին»,- ասաց նա։
Նախագիծը նաև «Buissup Global Forum»-ի 7 հաղթողների շարքում է։
Armenian Business Forum 2021-ի շրջանակներում Buissup Global Forum-ի բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Armenian Business Forum 2021-ը տեղի է ունեցել «Tashir group»-ի ֆինանսավորմամբ: