Մեր երեխաների մոտ ինքնավստահությունն է պակասում, ասում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Armenia Today-ի հետ զրույցում, նա նշեց, որ խորհրդային հասարակությունում, հաղթողը լավագույնն էր:
«Լավագույնի գաղափարը մնացել է առ այսօր, բայց պետք է հասկանանք, որ չկան լավագույններ ու վատագույններ, ամեն երեխա ունի լավագույնի իր պոտենցիալը: Այսօրվա երեխաների ծնողների մի մասը դեռևս սովետական դաստիարակություն է տալիս երեխաներին: Այդ ժամանակ, խորհրդային միությունը զտում էր լավագույններին, իսկ մնացածը կարևոր չէին: Ինքնավստահություն պիտի լինի ամեն երեխայի մեջ: Հիշո՞ւմ եք օլիմպիական մեդալները. շահում էին լավագույնները: Կարծում եմ նրանց տրվում էր շատ մեծ հնարավորություն, իսկ մյուսներին ճզմում ու հարված էին հասցնում»,- ասաց Մարի Լու Փափազյանը:
Նրա կարծիքով, երեխան պետք է ինքնավստահ լինի, փորձի ու չվախենա ձախողվելուց: Փափազյանն ասում է, որ ձախողության փորձով մարդը հայտնաբերում է սեփական ուժերը, որն էլ որ որոշում է կյանքի հետագա ընթացքը:
«Թումո»-ում չկան լավագույններ ու վատագույններ, բոլորը հավասար են և բոլորն ունեն հնարավորություն՝ հասնելու իրենց լավագույնին: Եթե դու մարզվես, հավանականություն ունես դառնալու լավը, հետևաբար կարևորը մարզվելն է»,- ասաց Մարի Լու Փափազյանը:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաներին, Փափազյանը նկատեց, որ Հայաստանում գաղտնիքը միայն տեխնոլոգիաները չեն:
«Օրինակ խոսելով «Թումո»-ի մասին. մենք ՏՏ-ից բացի, մատուցում ենք դիզայներական կրթություն, որը ստեղծագործական է: Մենք հնարավորություն ենք տալիս երեխային, որպեսզի հայտնաբերի իր սիրելի ոլորտը և սովորի, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները շատ կարևոր են՝ լինի երաժշտության, ֆիզիկա, թե ծրագրավորում: Այսօր տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում: Հետ մնալը չասեմ թե վտանգավոր է, բայց այդպիսով առիթը կփախցնենք, որովհետև տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում»,- ասաց Փափազյանը:
Նրա խոսքով, այսօրվա երիտասարդությունն ինքնուրույն սովորում է ամեն ինչ, և իրենց մնում է միայն օժանդակել և աջակցել: Մարի Լու Փափազյանը կարծում է, որ երեխաների համար իրենց հետաքրքրության միջավայրը և գիտության մեջ խորանալու առիթները պետք է ստեղծել:
«Չեմ կարծում, որ այլևս կա գիտություն առանց տեխնոլոգիայի, պարզապես պետք է մտածել տարբերակների մասին, թե ինչպես գործենք: Այո մենք կարող ենք քայլելով Ա կետից հասնել Բ կետ, բայց մեքենայով էլ կարող ենք գնալ, իհարկե շատ օգտակար է ոտքով քայլելը, բայց անշուշտ չենք պատկերացնում քայլելով Ամերիկա գնալ: Տեխնոլոգիաներն ուղղակի գործիք են, պետք է օգտագործենք մաքսիմումը, որպեսզի մեր ստեղծագործություններն ավելի հաջող ու ուժեղ լինեն»,- ասում է Փափազյանը:
Նա համոզված է, որ հայկական գենն իր ԴՆԹ-ի մեջ ունի ստեղծագործ ձիրքը, դա պայմանավորված է նաև նրանով, որ գուցե անցյալում շատ են խորացել գիտության մեջ: Բացի դա, հայ երեխաները շուտ են սովորում և հեշտ են ընկալում:
«Պարզապես չպետք է թերագնահատել երեխաներին, նրանք շատ խելացի և հզոր են, պետք է շատ հարգել իրենց, տալ լավագույնը ու չկարծել, թե մեկ անգամ տալով մենք անում ենք ամեն ինչ: Պետք է անընդհատ բարելավել դպրոցները, մեր աշխատանքը, համալսարանների աշխատանքը, գիտահետազոտական բաժինը, պետք է միշտ ձգտել լավագույնին, բայց ոչ թե մակերեսորեն, այլ՝ խորը: Հայ երեխաների պոտենցիալը շատ մեծ է, իսկապես մեծ է»,- ասաց Մարի Լու Փափազյանը:
Նա նաև հավելեց, որ այժմ շատ արագ աշխատում են, դրամահավաքներ են անում, որպեսզի հասցնեն, երբեմն նաև ուժերը չեն հերիքում աշխատանքի համար և լրացուցիչ մարդկանց են ներգրավում:
Խոսելով առաջիկա ծրագրերցից, նա նշեց, որ մի քանի ծրագիր ունեն. «Առաջինում երիտասարդներն իրենք են իրենց պրոյեկտներն առաջարկելու և մենք իրենց համար լավագույն մենթորներն ենք գտնելու և ապահովենք ամեն ինչով, երկրորդ ծրագրով դրսից պրոֆեսիոնալ ուսուցիչներն են գալու, որոնք շատ կարևոր առաքելություն են ունենալու, իսկ երրորդը աշակերտների համար է դասընթաց է, ավելի խորը հիմունքներով: Իրենք են որոշելու ինչ են ուզում անել, ոչ թե մենք ենք շարունակաբար որոշելու իրենց փոխարեն: Թող իրենք լինեն իրենց ղեկավարները և մենք պարզապես ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով»,-ասաց Փափազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։