«Քայլտեք» – ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասնագիտացած է առողջության սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար վերականգնողական նորարարական տեխնիկական միջոցների ստեղծման գործում:
Այն մասին, թե ինչպես է ստեղծվել ընկերությունը և ինչով է զբաղվում` Armenia Today-ի հետ զրույցում պատմել է նրա համահիմնադիր Դավիթ Արսենյանը: Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմից հետո բոքսի (բռնցքամարտի) մասին անմեղ զրույցը վերածվեց ստարտափ գաղափարի: Արդեն վերականգնողական կենտրոնում որպես կինեզիոլոգ, օգնելով զինհաշմանդամներին, հեղինակները մտածեցին ստեղծել սարք, որը կօգնի քայլելու խնդիր ունեցող տղաներին տեղաշարժվել՝ առանց կողմնակի օգնության:
Մետագեյթի նախահայր քայլաբերով ստեղծվում է քայլքի իմիտացիա, էկզոսկիլետով մարդու քաշն է ամբողջությամբ ընկնում սարքի վրա, կանգնակ-սայլակով մի շարք վարժություններ ենք կատարվում, իսկ կցորդիչն օգնում է հեշտությամբ տեղաշարժվել:
Դավիթի խոսքով՝ դա շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հաճախ են մահանում նստակյաց կենսակերպի պատճառով, որը 30-ից ավելի հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։ «Քայլտեք» ընկերության ստեղծած սարքերի շնորհիվ կարելի է դահուկներով քշել, ֆուտբոլ խաղալ, զբոսնել Տաթևում: Որպեսզի դա հնարավոր լինի անել, պետք է տեղադրել VR ակնոցներ և հայտնվել վիրտուալ իրականության մեջ։
Ծրագրավորողների խմբի ղեկավարն Էդգար Մարգարյանն է։ Հենց նրանք են մշակում խաղեր, որոնք թույլ են տալիս հաշմանդամներին VR ակնոցներով առավելագույնս մոտենալ իրականությանը և ֆիզիկական վարժություններ անել։
«Մեր առաջնային նպատակն է հասնել նրան, որ մարդիկ հնարավորություն ունենան վիրտուալ աշխարհում սինխրոն անել այն, ինչ անում են իրական կյանքում», – ասում է Էդգարը: Այժմ զինհաշմանդամ տղաներից այլ առաջադրանք են ստացել, մեծամասնության հետաքրքրության կենտրոնը ֆուտբոլն է: «Քայլտեք» ընկերության մասնագետներն այժմ փորձում են իրենց առջև դրված նոր խնդիրը լուծել:
«Քայլտեք» ընկերության պլաններում 156 երկրների համար մետագեյթ-սարքերի պատրաստումն է։ Հայաստանում ընկերությունը բիզնես նպատակներ չի հետապնդում. սարքերը կա՛մ նվիրաբերվում են, կա՛մ վաճառվում են շուկայականին զգալիորեն ցածր գնով։ Իսկ արտաքին շուկայում վաճառքներից ստացված հասույթը կօգտագործվի արցախյան պատերազմների ժամանակ հաշմանդամություն ստացած անձանց վերականգնմանը։
Հիշեցնենք, որ «Քայլտեք» ընկերությունը Buissup Armenian Business Forum – 2021 9 հաղթողներից մեկն է, որը «Տաշիր» ընկերությունների խմբից ներդրում է ստացել: