Ժամանակակից աշխարհում բիզնես միջավայրը բարդ է ու դինամիկ։ COVID 19-ի հետևանքով ստեղծված իրավիճակը վերաիմաստավորեց աշխատանքային ավանդական տարածք հասկացությունը: Armenia Today-ի հարցումները ցույց տվեցին, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան տեղափոխված ավելի քան 65 000 մարդկանցից շատերը, որոնց մեծամասնությունը ՏՏ ոլորտից է, նախընտրում են աշխատել քաղաքային եռուզեռից հեռու: Բոլոր նրանց համար, ովքեր կապված չեն գրասենյակային տարածքի հետ, Դիլիջանի «Toon Armeni» համալիրի տարածքում 2022 թվականին բացվեց համատեղ աշխատանքային տարածք՝ «Workation», համանուն հյուրանոցային համալիրի տարածքում, որը հիմնվել էր 2012 թվականին։
Ովքեր են «Workation»-ի համահիմնադիրները և ներդրողները
«Toon Armeni»-ի հյուրանոցային համալիրն ի սկզբանե ստեղծվել էր ավելի վաղ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից։ 2021-22 թվականներին EU4Buissnes նորարարական բիզնեսի զարգացման ծրագրի աջակցությամբ, ստանալով 17 միլիոն դրամի աջակցություն ԵՄ-ից, համալիրի թիմը բացեց համաշխատանքային տարածք։
Հիմնադիրների համար կարևոր էր Դիլիջանի պատմական ժառանգությունը։ Նրանք ասում են, որ պահպանելով հինը՝ կերտել են նորը։
«Ունեինք գնված շենքը, որը հին էր, մենք որոշեցինք չապամոնտաժել այն։ Մեր հիմնական նպատակն է հին շենքերը վերցնել և նորովի մատուցել, նոր շունչ տալ»,- ասում է Workation Toon Armeni նախագծի ծրագրի ղեկավար Շողիկ Թադևոսյանը։
Նախագիծն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից: «Նախագծի ստեղծման համար միջոցների 70%-ը հատկացրել է Եվրամիությունը, 30%-ը՝ Վարդանյանի հիմնադրամը, մանրամասնում է Թադևոսյանը:
Ո՞րն է «Workation Toon Armeni» թիրախային լսարանը և գնային քաղաքականությունը
Քովորքինգը, հիմնադիրների խոսքով, ստեղծվել է բոլորի համար, ովքեր կապված չեն աշխատանքային տարածքին, ում հարկավոր է հանգիստ ու հարմարավետ աշխատանքային վայր։ Քովորքինգում ստացվեց ստեղծել հարմար միջավայր, որն աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն է տալիս, դա և՛ արագ ինտերնետ է, և՛ աշխատանքի հարմար ռեժիմ։
Քովորքինգ այցելում են հատկապես այն մարդիկ, ովքեր ծրագրավորմամբ են զբաղվում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում են և հնարավորություն ունեն տնից աշխատել:
«Workation Toon Armeni»-ին, որի գաղափարը և հայեցակարգը այնպիսին էր, որպեսզի ստեղծենք այնպիսի վայր, որ տարբեր մարդիկ «թվային թափառականներ» (Digital nomad) կկարողանան գալ և աշխատել, միևնույն ժամանակ կարողանան հանգստանալ, ռեստորանից օգտվել, այսինքն ամեն ինչ մեկ վայրում անել։ Այդպես ծնվեց Workation-ի գաղափարը»,- նշում է Դիլիջանի զարգացման ծրագրերի մարքեթինգի բաժնի ղեկավար Շողիկ Թադևոսյան
Քովորքինգի ևս մեկ առավելություն է աշխատանքային ռեժիմը․ տարածքը բաց է 8:30-ից մինչև 23:00-ը։
Մի քանի փաթեթներ կան մշակված Workation «Toon Armeni»-ի համար։ Դա յուրաքանչյուր ժամի և օրվա համար վճարումներն են։ 1 ժամի համար կարելի է վճարել 1 000 դրամ, 5 500 դրամ` մեկ օրվա համար, 25 500 դրամ՝ մեկ շաբաթվա և 75 500՝ դրամ մեկ ամսվա համար, ասում է Թադևոսյանը։
«Toon Armeni» համաշխատանքային տարածքի մենեջեր Ալվինա Բաբասյանի խոսքով՝ պահանջարկը հենց սկզբից էլ մեծ է եղելլ, դրա համար էլ չեն եղել մտավախություններ, թե քովորքինգի տարածքը դատարկ կմնա: Այստեղ աշխատում են հիմնականում ՏՏ ոլորի մասնագետները: Արժեքն այնպիսին է, ինչպիսին երևանյան քովորքինգներում:
Քովորքինը՝ որպես կրթական հարթակ
Որպեսզի համախոհներին ու ռելոկանտներին համախմբեն, քովորքինգի տարածքում քննարկումներ ու միջոցառումներ են անցկացվում։
Այս պահին ռուսական համայնքը բավականին շատ է, նրանք եկել են Դիլիջան մշտական բնակության համար։ Նրանց անհրաժեշտ է վայր, որտեղից կկարողանան աշխատել, նաև հանդիպել միմյանց հետ, քննարկումներ ծավալել շատ հետաքիքիր թեմաների շուրջ, Armenia Today-ին ասում է Բաբասյանը։
Քովորքինգ-ցուցահանդես տեղի նկարիչների աշխատանքների համար
«Toon Armeni»-ն նաև տեղի վարպետների աշխատանքների ցուցահանդեսի վայր է դարձել: «MADE» արվեստի և արհեստի հարթակում աշխատում է 8 վարպետ, մեզ պատմեց Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի ղեկավար Զեփյուռ Սիրադեղյանը։
«Վարպետները փորձեցին իրենց գաղափարները, մտքերը, կրեատիվությունը, երևակայությունը, Դիլիջանի բնավորությունը, գույները, համն ու հոտը մեկ գաղափարի շուրջ կենտրոնացնել»,- ասում է Սիրադեղյանը՝ շարունակելով․
«Նախագծի շրջանակում մենք առաջին հարկում ստեղծել ենք հուշանվերների հատված, որտեղ հիմնականում ցուցադրում և վաճառում ենք Դիլիջանի համայնքային կենտրոնի շրջանակներում դիլիջանցի վարպետների պատրաստած ձեռագործ իրերը և սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի կարողանանք հզորացնել տեղացիներին և Դիլիջանը ցույց տալ այցելուներին»։
Համալիրի աշխատակիցներն ասում են՝ դեռ շատ անելիքներ կան, այսքանով չեն պատրաստվում կանգ առնել: Շողիկ Թադևոսյանի խոսքով՝ ծրագրում են քովորքինգներ բացել նաև Գյումրիում ու հայաստանյան այլ քաղաքներում, սակայն դրա համար պետք է լավ ուսումնասիրեն շուկան: