Armenia Today-ի հետ զրույցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին գնահատեց հայ-իրանական հարաբերությունների, տնտեսական շփումների ներկա մակարդակը, Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության շուրջ, պատմեց՝ ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար, մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Իրան-Հնդկաստան տարանցիկ նախագծի իրականացման հնարավորության մասին։
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը։ Որքանո՞վ է դա բավարարում Թեհրանին, և ի՞նչ ուղղությամբ, ըստ Ձեզ, պետք է զարգանան երկու երկրների հարաբերությունները։
– Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը վերջին երեք տասնամյակում միշտ ունեցել են առանձնահատուկ և գերազանց քաղաքական հարաբերություններ: Վերջին տարիներին երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների դրական միտումը շարունակվում է վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Տնտեսական և առևտրային ոլորտում ևս մենք ունենք դինամիկ և ընդլայնվող ու խորացող հարաբերություններ: Մենք ակտիվ համագործակցություն ունենք ենթակառուցվածքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների։ Աճում է նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը: Երկու երկրների միջև պատմամշակութային ընդհանրությունները, մշակույթի և արվեստի ոլորտներում փոխգործակցությունը, զբոսաշրջային հոսքերը նույնպես մեր երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներն են: Այն, որ երկու երկրների միջև էական տարակարծության չկա, կողմերի համար գոհացուցիչ է, սակայն միշտ հնարավոր է ավելի բարձր նշաձողեր նախանշել և ջանքեր գործադրել դրան հասնելու համար:
– Ինչպե՞ս են զարգանում տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև։ Եթե հնարավոր է, համեմատեք Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընթացիկ տնտեսական տվյալները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ինչպես նաև պատմեք Երևանի և Թեհրանի համատեղ հիմնական տնտեսական նախագծերի մասին։
– Ենթակառուցվածքային հարցերի ոլորտում մենք ականատես ենք լինում լուրջ հետևողականության: Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ փոխանակումների և դրանց ծավալն ավելացնելու ուղղությամբ: Ներկայացուցչությունը ևս մեծ ջանքեր է գործադրել փոխանակումների ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Փոխադրումների ոլորտում ևս բազմաթիվ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև, մասնավորապես՝ փոխադրումների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ ինչպես ոլորտի կանոնակարգերի բարելավման, այնպես էլ հստակ տեսանելի աշխատանքների իրականացման առումով:
Կողմերի օրակարգային հարցերից են նաև խոչընդոտների վերացումը, նոր կարողությունների բացահայտումը և երկու երկրների միջև առևտրի դյուրացումը։ Այդ իսկ պատճառով՝ 2022թ. ականատես եղանք Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության շուրջ քառասուն տոկոս աճի։ 2021թ. Իրանի և Հայաստանի միջև արձանագրված մոտ 500 միլիոն դոլար ծավալով առևտուրը 2022թ.-ին հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի: Սույն թվականի առաջին եռամսյակում առևտրի վիճակագրությունը նույնպես վկայում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճի մասին:
– Հայտնի է, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Խնդրում եմ մեկնաբանեք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ադրբեջանի ցանկությունը և, ընդհանրապես, Բաքվի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար։
– Թույլ տվեք մեկնաբանություններ չանել ենթադրյալ իրավիճակների մասին, որոնք, հուսով, ենք երբեք առաջ չեն գա: Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի իր հստակ դիրքորոշումները և օրինական շահերը տարածաշրջանում։ Փորձը ցույց է տալիս նաև, որ մենք միշտ պաշտպանել ենք մեր օրինական իրավունքները և հայտնել մեր հստակ դիրքորոշումներն այս առնչությամբ։
– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության շուրջ, հատկապես ռազմական ոլորտում։ Հնարավո՞ր է այն խորացնել և, մասնավորապես, Իրան-Հայաստան համատեղ զորավարժություններ անցկացնել։
– Այլ երկրների հետ ռազմական համագործակցության վերաբերյալ մեր տեսակետն այն է, որ այդ համագործակցությունը պետք է ծառայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Պաշտպանության ոլորտում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է այս հիմնարար սկզբունքի վրա։ Որպես կանոն, իրավիճակի փոփոխությունը կարող է փոխել տարբեր երկրների միջև պաշտպանական համագործակցության առկա վիճակը։ Սա վերաբերվում է նաև բոլոր երկրներին: Հուսով ենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կընթանան բանակցությունների միջոցով՝ խաղաղության և կայունության հաստատման նպատակով:
– Պարոն Զոհուրի, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։
– Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս արտահայտել են իրենց տեսակետները տարածաշրջանային խնդիրների լուծման եղանակի վերաբերյալ: Իրանի դիրքորոշումը հստակ է, այն է՝ տարածաշրջանի երկրների միջև հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, մյուս երկրները նույնպես հնարավորություն ունեն աջակցելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Մեր շեշտադրումն այն է, որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ երկխոսության ու բանակցությունների հիման վրա։
– Ինչպիսի՞ն է Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի կողմից Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակմանը։
– Իրանն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն միջազգային իրավունքի և այդ հարցում ներգրավված երկրների ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերի, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալը կարևորվում է հատկապես այն խնդիրների համատեքստում, որոնք ունեն բազմաթիվ մարդասիրական ծանր հետևանքներ:
– Պարոն Զոհուրի, Դուք ավարտում եք ձեր դիվանագիտական առաքելությունը որպես Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան։ Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կարող եք նշել Ձեր պաշտոնավարման ընթացքում։
– Գտնում եմ, որ համագործակցելով և որոշ բյուրոկրատական խոչընդոտներ վերացնելով՝ կարող ենք զարկ տալ երկկողմ համագործակցությանն ու ավելի շատ ձեռքբերումներ գրանցել: Մենք ականատես ենք լինում տարածաշրջանի ռազմավարական և մակրո խնդիրների նկատմամբ երկու երկրների փոխըմբռնման աճին։ Սա ձեռքբերում է, որը ստացվել է երկու երկրների տարբեր մակարդակների պաշտոնյաների շարունակական բանակցությունների արդյունքում և այն լավ կապիտալ է համագործակցության զարգացման համար։ Այս ընդհանուր փոխըմբռնմանը հասնելը եղել է վերջին տարիների մեր կարևոր նպատակներից մեկը: Այս ոլորտում ավելի շատ հանդիպումներ են եղել երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև, և մենք ականատես ենք լինում ավելի շատ քաղաքական խորհրդակցությունների ղեկավար և փորձագիտական մակարդակներում:
Կարծում եմ, որ հարաբերությունների խթանման համար համապատասխան ենթակառուցվածքի ապահովումն այս գործողությունների բնական արդյունքն է։ Մեր օրակարգում է նաև բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը։ Ընդհանուր առմամբ՝ Իրանում մեծ ուշադրություն է դարձվում Կովկասի խնդիրներին, ինչը կնպաստի ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս ոլորտում ձեռքբերումների թվում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կօգնի ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Իրանի հետ հարաբերություններին, գուցե այն պատճառով, որ հավատում է Իրանի կառուցողական մոտեցմանը և բարեկամական պահվածքին։
– Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ կապի համատեղ տարանցիկ նախագծերի իրականացման հնարավորության մասին։ Մանրամասներ կա՞ն նման նախագծերի իրականացման վերաբերյալ։
– Տեղյակ եք, որ հարևանների հետ հարաբերություններին ուշադրություն դարձնելն առավել քան երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության օրակարգում է: Մենք ձգտում ենք հնարավորինս զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և տարածաշրջանի երկրների հետ, և Իրանի, Հայաստանի ու Հնդկաստանի մասնակցությամբ բազմակողմ համագործակցության ձևաչափը հետաքրքրություն ներկայացնող կարևոր ձևաչափերից է։ Իրանն ու Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի հիմնական հիմնադիրներն են, և այս համատեքստում Հնդկաստանը ներդրումներ է կատարել Իրանի Չաբահար նավահանգստում։ Մեծ ներդրումներ են իրականացվել նաև Իրանում համապատասխան երկաթուղային և ճանապարհային երթուղիներ գործարկելու ուղղությամբ:
Իրանը և Հայաստանը նույնպես Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկման հարցում համագործակցում են։ Այս գաղափարների համախմբումը կարևոր տարանցիկ ներուժ է, որից կարող են օգտվել Իրանը և Հայաստանը՝ Հնդկական օվկիանոսից մինչև Սև ծով ձգվող ընդարձակ հատվածում ընկած տարբեր երկրները միմյանց կապելու համար։
Այս հարցը այն հիմնական հարցերից էր, որ քննարկամն առարկա դարձավ երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների առաջին եռակողմ նիստին։ ԻԻՀ կառավարությունը ողջունում է այլ երկրների ներկայությունը Չաբահար նավահանգստում, և մենք գոհունակություն ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ կարևոր որոշումներ է կայացրել։ Այս համատեքստում մյուս կարևոր երկիրը Վրաստանն է, որն իր նավահանգիստների միջոցով ապահովելու է հասանելիությունը դեպի Սև ծով։ Այս երկրի պետական իշխանության մարմինների հետ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նույնպես դրված է օրակարգում։