Մերօրյա հասարակությունը անկախ սեռից և տարիքից մեծ տեղ է տալիս արտաքին խնամքին։ Որոշները նախընտրում են ավանդական խնամքի միջոցներ, որոշներն էլ՝ թանկարժեք և բրենդային։
Գրեթե յուրաքանչյուր անհատի համար առաջին տեղում իր արտաքին տեսքն է՝ դեմք, վարսեր, եղունգներ, մարմին, յուրաքանչյուրի խնամքը տարբեր է և պահանջում է անհատական մոտեցում։ Հենց այդ անհատականությամբ պայմանավորված էլ կան բազմաթիվ արտադրողներ, որոնք ներկայացնում են խնամքի միջոցների լայն ընտրանի։
Խնամք ասվածն, իհարկե, միայն գնվող և կիրառվող կոսմետիկ միջոցները չեն՝ արտաքնի խնամք է համարվում նաև մարզասրահ այցելելը, լողը, յոգան, տարատեսակ թերապիաները, մերսումները, մաշկաբանի, պլաստիկ վիրաբույժի, ատամնաբույժի և ինչու չէ նաև հոգեբանի մոտ այցերը, չէ՞ որ յուրաքանչյուր խնամք պետք է սկսել ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելուց։
Armenia Today-ը որոշեց հասկանալ, թե «ի՞նչ արժե» Հայաստանում խնամված լինելը, որքանո՞վ է այն կարևոր հայ հասարակության համար և արդյո՞ք նախապատվություն տալիս են հայկական արտադրանքին:
Հարցմանը մասնակցած բոլոր քաղաքացիները առաջնային և շատ կարևոր համարեցին արտաքին խնամքը։
Հարցված քաղաքացիներից միայն երկուսը նշեցին, որ օգտագործում են հայկական արտադրության խնամքի միջոցներ․ «Օգտագործում եմ Նաիրիանի և Լուսին օրգանիքի խնամքի միջոցները», «Օգտագործում եմ Coco-ի խնամքի միջոցները»,- ասացին քաղաքացիները։
Հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիները արտաքին խնամքի վրա ծախսում են ամսական 30․000 դրամից մինչև 400 եվրո։
Մանրամասները՝ տեսանյութում։