Հայրենական մեծ պատերազմի հայ երաժիշտներին նիրված «Պատերազմ և երաժշտություն» դրաման կլինի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայերի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմերից մեկը, Armenia Today-ին հայտնել է ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։
«Սա պատմություն է Խորհրդային Միության ընդհանուր հաղթանակների մասին, որոնցում հայկական լուրջ հետք կա, քանի որ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող շատ ֆիլմեր չկան, որտեղ ընդհանրապես հայեր են ներկայացված։ Կան, բայց Հայաստանում չեն արտադրվել ու նման մասշտաբով չեն։ Կարծում եմ՝ սա կլինի առաջին ֆիլմը»,- Մոսկվայում կայացած Հայկական բիզնես ֆորում 2024-ում ասել է Անդրեասյանը։
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը երեք հայ երաժիշտների մասին է, ովքեր մեկնում են պատերազմ և հասնում Ռայխստագ։ «Դրաման էկրան կբարձրանա 2025 թվականին և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 85-ամյակին»,- նշել է նա։
Անդրեասյանը հայտարարել է հայ և ռուս կինոգործիչների համատեղ նախագծերի մասին և օրինակ բերել Նարինե Աբգարյանի պատմվածքի հիման վրա նկարահանված «Մանյունյա» սերիալն ու ֆիլմը։
«Պատերազմ և երաժշտություն» ֆիլմի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2022 թվականի նոյեմբերին։ Սցենարի վրա աշխատանքներն սկսվել են 2019 թվականին։ 2023 թվականի օգոստոսին Անդրեասյանը հայտարարել էր ֆիլմի նկարահանումների առաջին մասի ավարտի և 2025 թվականին դրա թողարկման մասին։
Անդրեասյանը 2016 թվականի «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորն է, որը ցուցադրվել էր մի շարք երկրներում և Սանկտ Պետերբուրգի «Виват кино России» XXV կինոփառատոնում ստացել մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։