ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է էապես փոխվել, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններում Վաշինգտոնի դերը և մասնակցության նպատակները։
Ըստ փորձագետի՝ փոփոխություններ կարող են լինել մեկ տարվա ընթացքում։
«Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմն ընկալվում է որպես պատերազմ ամբողջ հետխորհդային տարածաշրջանի վերաբերյալ, և այստեղ մի քանի ժամանակային նշաձող կա, որից գլխավորն ԱՄՆ-ի ընտրություններն են։ Եթե Թրամփը հաղթի, որն ավելի քան հավանական է, ապա ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանի նկատմամբ կարող է էապես փոխվել։ Ուկրաինային աջակցության նվազեցումը կբերի նրան, որ Ռուսաստանն այդ հակամարտությունում կհաղթի։ Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ապա պարզ է, որ էապես կփոխվի նաև քաղաքական դասավորվածությունը Հարավային Կովկասում։ Այս ամեն ինչը կարող է տեղի ունենալ մոտ մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանաշրջանում ԱՄՆ ներկայիս վարչակազմը շտապում է Հարավային Կովկասում բոլոր գործընթացները հասցնել ավարտին, որպեսզի այս ամենն անդառնալի դառնա, որպեսզի Թրամփի վարչակարգը գործ ունենա այս փաստի հետ և փորձի պահել այդ ազդեցությունը, այլ ոչ թե նվազեցնել այն»,- պարզաբանել է փորձագետը։
Միքայելյանը հնարավոր է համարել Վաշինգտոնի պասիվությունը Հարավային Կովկասում 2024 թվականի աշնանը նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ նախընտրական մրցավազքի ժամանակ։
«Սրանից հետո կսկսվի քարոզարշավը, որը հիմնականում ակտիվ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս ժամանակ ԱՄՆ-ն կպասիվանա, մինչ այդ ամերիկյան արտաքին դիվանագիտական կորպուսն ունակ է լինելու գործել, որովհետև, ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, որտեղ ավելի ավտորիտար համակարգ է և ամեն ինչ հիմնականում կախված է առաջնորդից, ԱՄՆ-ում իշխանությունը բաժանված է և ավելի բարձր է միաժամանակ մի քանի ուղղություններով աշխատելու կարողությունը»,- ընդգծել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին մասնակցելու մեջ։ Նա մատնանշել է վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաների անդադար այցելությունները Հայաստան, տարբեր մակարդակներում նրանց գործողությունները, մարզեր այցելությունները։
«Նրանք ուզում են արտաքին քաղաքական ասպարեզում հաստատել իրենց մասնակցությունն այս տարածաշրջանի գործերին, ավելին՝ նույնիսկ գերակայությունը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշվածության մեջ։ Հիմա, երբ Հայաստանն սկսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց և ամեն ձևով հակառուսական քարոզչություն է տարվում, պարզ է, որ այդ ժամանակ այս ամենը զուգորդված է լինում ԱՄՆ-ի ինտեգրման գործընթացի մեջ, որտեղ պարզ է, որ ԱՄՆ-ն արդեն գերիշխող դեր է ստանձնում Հայաստանի արտաքին կողմնորոշվածության մեջ։ Եվ այս պարագայում արդեն ԱՄՆ-ի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում դառնում է շատ կարևոր և էական»,- մանրամասնել է փորձագետը։
Միքայելյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագիրը պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից Հայաստանով բեռնափոխադրումների համար, թվարկել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հիմնական խնդիրները Հարավային Կովկասում։
«Այս տարածաշրջանի ամենակարևոր աշխարհաքաղաքական խնդիրները հետևյալն են։ Առաջինը տրանզիտային ուղիների մրցակցությունն է՝ հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք։ Երկրորդը՝ այս կամ այն ուժեղ կողմի ռազմաքաղաքական ներկայությունն է, օրինակ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլն։ Այսպիսով՝ այս մրցակցային պայմաններում ամերիկացիները փորձում են իրենց համար բարենպաստ ծրագրեր իրականացնել։ Նախ արևմուտք-արևելք տարանցիկ գոտին, որը Հարավային Կովկասով միջինասիական ռեսուրսներ է հասցնում դեպի Եվրոպա և հակառակը՝ եվրոպական ապրանքները հասցնում է Միջին Ասիա։ Արևմուտք-արևելքն այլընտրանքային է Ռուսաստանի հետ Եվրոպայի համար տնտեսական հարաբերությունների հետ կապված։ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի և Եվրոպայի միջև տնտեսական կապերը հնարավորինս նվազեցվեն»,- պարզաբանել է քաղաքագետը։
Նա հավելել է, որ ռազմաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն դառնա Հարավային Կովկասում գերիշխող ուժ, եթե ստանա տարանցիկ դեր։
«Բայց քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և բազմաթիվ մակարդակներում հարաբերություններ ունեն, մինչ այս պահն Անկարայի դերն ընդունելի էր։ Մենք Վրաստանում արևմտյան ինտեգրացիայի ընթացքում տեսանք, որ վերջին տասնամյակների ընթացքում թուրքական ազդեցությունն էապես մեծացել է: Պարզ է, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում չափազանց մեծ է։ Այդտեղ ոչ միայն արևմտյան համատեքստ կա, ավելի շուտ՝ էթնիկական, թյուրքական համատեքստ։ Եվ մնում է Հայաստանը, որը խանգարում է այս ամենին, ուստի Հայաստանը պետք է այս ամենից չտարանջատվի, փորձի գնալ դեպի արևմուտք և ներգրավվի արևմուտք-արևելք գոտիներում, այդ թվում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անցկացումը ենթադրվում է այստեղ»,- կարծում է քաղաքագետը։
Միքայելյանը միաժամանակ մատնանշել է այս հարցում Արևմուտքի և ԱՄՆ-ի շտապողականությունը։
«Մենք տեսել ենք, օրինակ, որ 2025 թվականին ռուսական զորախումբը կամ պետք է վերահաստատեր իր ներկայությունն Արցախում, կամ պետք է դուրս գար։ Բայց, սկսած 2022 թվականի աշնանից, Փաշինյանի վրա շատ լուրջ ճնշում է եղել Արևմուտքից, որպեսզի նա հրաժարվի Արցախից, և այս ամենը շուտ վերջանա։ Փաշինյանը Շառլ Միշելի միջնորդությամբ Արցախից հրաժարվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և դրանից հետո երկու անգամ վերահաստատել 2023 թվականին։ Այսքանից հետո ռուս խաղաղապահներն Արցախից դուրս են եկել։ Այժմ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում ևս սեղմվում է, մնում են մի քանի ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաբազան և Հայաստանի ֆորմալ մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- հավելել է նա։
Փորձագետը նշել է նաև Հայաստանի և ԱՄՆ բանակների համատեղ զորավարժությունները։
«Որոշակի ակտիվ գործընթաց կա, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է փոխհատուցել Վրաստանում իր ազդեցության նվազումը Հայաստանում իր ներկայությամբ։ Օրինակ, նույն զորավարժությունները, որոնք անցկացվել են Հայաստանում, պետք է անցկացվեին Վրաստանում, այնտեղ չեղարկվեցին, որովհետև ԱՄՆ-ն դժգոհ էր Վրաստանի քաղաքականությունից, և տեղափոխվել են Հայաստան։ Այսպիսով՝ մենք այստեղ տեսնում ենք ուղղակի քաղաքական միտում, որը քիչ-քիչ զարգանում է ԱՄՆ-ի կողմից»,- եզրափակել է Միքայելյանը։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա ասել էր, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հուլիսի 22-ին նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը «շատ իմաստուն քայլ» էր անվանել։ Նա հիշեցրել էր, որ Բայդենը «Հայաստանի լավագույն բարեկամներից էր» սենատոր աշխատած տարիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։