Հայաստանում ֆիլմ է նկարահանվել հայազգի գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մասին, որին Forbes-ը բիզնես կենտրոնների շինարարության և հասարակական հատվածում լայնածավալ նախագծերի համար ներառել է «ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանիշում։ «Սամվել Կարապետյանի 10 լուսանկարները» փաստագրական ֆիլմի հեղինակն Alpha Cinema Production-ն է։
Կարապետյանը Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 2010 թվականից։ 2023 թվականին Forbes-ի ամենահարուստ ռուսների վարկանիշում, որում ներառված է 110 ռուս միլիարդատեր, նա զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը։ Գործարարի կարողությունը գնահատվել էր 2,7 միլիարդ դոլար։ 2022 թվականին Կարապետյանն զբաղեցրել էր վարկանիշի 82-րդ տեղը, իսկ նրա կարողությունը գնահատվել էր 1,1 միլիարդ դոլար։
«Տաշիր» ընկերությունների խումբը միավորում է ավելի քան 200 ընկերություն, իսկ 2023 թվականի վերջում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 225 միլիարդ ռուբլի, ասվում է ֆիլմում։ 2023 թվականի դրությամբ՝ Ռուսաստանի 13 քաղաքներում, ինչպես նաև Երևանում ընկերությունը ղեկավարում է 16 «Ռիո» առևտրի կենտրոն։
Հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանում և Ռուսաստանում ընկերությունների խմբում աշխատում է շուրջ 45 հազար մարդ։
Կարապետյանը հայ գործարար է, որը հաղթահարելով դժվարությունները` զրոյից բիզնես է ստեղծել և Ռուսաստանում հասել ամենաբարձր պաշտոնների։ Ֆիլմում պատմում են, որ նա հոգ է տանում Հայաստանում շինարարության զարգացման և իր հայրենակիցների բարօրության մասին՝ դառնալով մեր ժամանակների երեք հայ նշանավոր գործարար-բարերարներից մեկը՝ Քըրք Քըրքորյանի և Էդուարդո Էռնեկյանի հետ։
«Այս երկար ու դժվարին տարիներին նա չի փոխել ո՛չ սկզբունքները, ո՛չ հայացքները, ո՛չ ընկերներին»,- ասվում է ֆիլմում, որը պատմում է Կարապետյանի անցած ուղու, նրա ձեռքբերումների և բարեգործության մասշտաբների մասին։
Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. բիզնես և առաջընթաց Ռուսաստանում
Հայաստանի համար դժվարին տարիներին՝ 90-ականներին, եղբայրներ Սամվել և Կարեն Կարապետյանները Մոսկվա տեղափոխվելու կարևոր որոշում են կայացրել։ Բայց նրանք երկար չեն մնացել մայրաքաղաքում, ընտրել են մեկ այլ քաղաք՝ Կալուգան, որտեղ շուտով սկսել են հայտնվել Սամվելի առաջին փոքրիկ խանութները։ Որոշ ժամանակ անց նա ստեղծել է իր առաջին ընկերությունը՝ «Տաշիր»-ը, որն աշխարհագրորեն գտնվում էր մայրաքաղաքում։
Գործարարը շարունակել է ավելի զարգանալ. 1997 թվականին ձեռք է բերել «Կալուգագլավսնաբ» ընկերությունը։ Որոշ ժամանակ անց Կալուգայում գնել է ևս մի քանի ձեռնարկություն։ 2003 թվականին սկսել է հետաքրքրվել Մոսկվայի անշարժ գույքի շուկայով։ Ամեն ինչ սկսվել է Սևաստոպոլի պողոտայում գտնվող հողատարածքից։
Մի քանի տարի անց այնտեղ հայտնվել է «Ռիո» ցանցի առաջին առևտրի կենտրոնը։ Նոր օբյեկտներ են կառուցվել նաև Կալուգայում։ Կարապետյանի ընկերությունը հիմնել է երկու խոշոր առևտրային համալիր, երեք բիզնես կենտրոն և շահագործման է հանձնել 40 հազար քմ բնակարան։ Բիզնեսմենը նաև վերակառուցել է Կալուգայի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկը։
2000 թվականին Կարապետյանն ստեղծել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի գոյության ընթացքում Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր ֆինանսավորվել են նրա միջոցներով։ Առավել նշանակալիցներից են մասնակցությունը Կրոնշտադտի ծովային տաճարի վերականգնմանը և Արկադի Ռայկինի անվան մշակույթի, արվեստի և զվարճանքների կենտրոնի ստեղծմանը։
1 մլրդ դոլար ավանդ՝ Հայաստանի զարգացման ու մարդկանց կյանքի որակի բարելավման գործում
«Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումները Հայաստանի տնտեսությունում վերջին 20 տարիների ընթացքում կազմել են շուրջ 1 մլրդ դոլար։
2015 թվականին «Տաշիրը» ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, և հետևողականորեն արդիականացնում է համահայկական էլեկտրացանցը, ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։ Այստեղ աշխատում է մոտ 7500 մասնագետ՝ սպասարկելով ավելի քան 1 միլիոն բաժանորդի։ «ՀԷՑ»-ը երկրի խոշորագույն հարկատուներից է և զգալի ներդրում ունի Հայաստանի պետբյուջեի համալրման գործում։
– «Կասկադ» տեխնոլոգիաների և համակարգերի գործարանի հիմնումը, որը մասնագիտացած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական էլեկտրական սարքավորումների արտադրությամբ և լուրջ ներդրում է երկրի տնտեսության մեջ։
– 2010 թվականին Երևանի կրկեսի գնումը և վերակառուցումը։
– Միայն վերջին տարիներին ստեղծվել է ավելի քան տասը ձեռնարկություն՝ շուրջ 2000 նոր աշխատատեղով։
– Աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին. 2009-2023 թվականներին «Տաշիրը» հիմնադրամին է փոխանցել ավելի քան 18 մլն դոլար։
Ամեն ինչ ժողովրդի համար․ 180 մլն դոլարի չափով օգնություն կարիքավորներին
Անցած տարիների ընթացքում «Տաշիր» հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 180 միլիոն դոլար՝ բացառապես բարեգործական նպատակներով։ Հիմնադրամի ծրագրերից են․
– Էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի ներում և անապահով ընտանիքներին անվճար էլեկտրաէներգիայի մատակարարում։
– Արցախի երեխաների նպաստ. ընտանիքում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխային վճարվել է միանվագ նպաստ՝ 4000 դոլարի չափով։
– Աջակցություն Լոռու մարզի համայնքներին։
– Գյումրու և Վանաձորի ընտանիքներին բնակարանների նվիրաբերում։
– Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1500 ընտանիքի բնակարաններով ապահովում։
– Աջակցություն Վանաձորի և Սպիտակի մանկատներին։
Քաղաքային տարածքի զարգացում. 70 մլն դոլար Հայաստանում և Արցախում սոցիալապես կարևոր օբյեկտների կառուցման և վերակառուցման համար
Անցած 20 տարիների ընթացքում «Տաշիր» ընկերությունների խումբը 70 միլիոն դոլար է ներդրել Հայաստանում և Արցախում ներկայացուցչական պետական շենքերի կառուցման և վերակառուցման համար։ Տաշիր քաղաքում բարեկարգվել է քաղաքային այգին և կառուցվել երիտասարդական կենտրոն, վերանորոգվել են կենտրոնական պողոտան, տների ճակատները, պատերը, փողոցները:
2009-2010 թվականներին «Տաշիր» հիմնադրամը մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքի վերակառուցմանը։ Կարապետյանի աջակցությամբ կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ եկեղեցիներ: Գործարարի միջոցներով Երևանի կենտրոնում վերակառուցվել է Հյուսիսային պողոտան, բարեկարգվել կանաչ տարածքները, այդ թվում՝ ստեղծվել է «Նոր Երևան» այգին՝ (սկսվում է Մաշտոցի պողոտայից և հասնում մինչև գլխավոր փոստային բաժանմունք) երգող շատրվաններով և լուսաերաժշտական շոուներով:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բժշկական կենտրոնի կառուցման համար Կարապետյանը հատկացրել է 25 մլն դոլար։
Աջակցություն Հայաստանում սպորտի զարգացմանը․ 12 մլն դոլար՝ ըմբշամարտի ֆեդերացիային և նոր կյանք՝ «Արարատ-Արմենիային»
Վերջին ութ տարիների ընթացքում գործարարը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում ներդրել է մոտ 12 մլն դոլար։ Այս տարիների ընթացքում հունահռոմեական և ազատ ոճի հայ ըմբիշները միջազգային մրցաշարերում նվաճել են 200-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
2017 թվականին նա ձեռք է բերել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը, որից հետո ակումբը նոր կյանք է ստացել։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ակումբը նաև առաջին հայկական թիմն է, որը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։
Կարդացեք նաև
«Հայաստանի բարգավաճման համար ստեղծել պայմաններ». Սամվել Կարապետյանի կյանքի կանոնները
«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում