Երևանի բնակիչներն Armenia Today-ին պատմել են 2025-ից իրենց ակնկալիքների մասին։ Հարցման մասնակիցների մեծ մասը հույս ունի, որ տարին խաղաղ կանցնի:
«Հույս ունեմ՝ գալիք տարում բոլորս խելքի կգանք՝ ես, դուք, մյուսները․․․։ Ուշադիր Մասիսին նայենք, որվհետև մերն է, Վանն էլ է մերը»,- 2025-ի իր սպասումներով է կիսվել մեր համաքաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցները նշել են, որ թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքացիները պետք է աշխատեն կյանքի որակի բարելավման ուղղությամբ։
«Կառավարությունը պիտի ասի, թե 2025-ին ինչ կարելի է սպասել, բայց լռում է։ Փոփոխություն է պետք»,- մտահոգություն է հայտնել մեկ ուրիշը։
Քաղաքացիների կարծիքով՝ շատ բան կախված է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։
«Ես ինքս պիտի լավ աշխատեմ, ինչ-որ բան տամ իմ հայրենիքին, որպեսզի հայրենիքս բարգավաճի։ Համոզված եմ՝ լավ է լինելու, քանի որ մենք աշխատասեր ժողովուրդ ենք, սիրում ենք լավ ապրել, ստեղծել»,- նշել է նա։
Որոշ հարցվածներ հորդորել են իշխանություններից շատ բան չակնկալել, այլ ինքնուրույն աշխատել, կատարելագործվել, նոր միայն պահանջներ ներկայացնել։
«Ե՛վ ինձ, և՛ պետության համար ձեռբերումների տարի թող լինի։ Իմ կարծիքով՝ ինչքան իշխանությունից շարունակենք սպասելիքներ ունենալ, այնքան բոլոր տարիները վերապրելի կլինեն և իրար նման։ Պետք է առաջնահերթ մեզանից ունենանք ակնկալիքներ, որպեսզի մեր ձգտած իշխությունը լինի»,- նշել է երիտասարդներից մեկը։
Թե պետության համար Ձմեռ պապիկից ի՞նչ կխնդրեին մեր համաքաղաքացիները, բոլորի պատասխանը մեկն էր՝ խաղաղություն։