Moderna-ն չի կիսվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաղադրությամբ, փոխարենը կավելացնի պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը, հայտնում է Associated Press-ը:
Հրատարակությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ընկերությունը մտադիր չէ կիսվել COVID-19 պատվաստանյութի իր բաղադրությամբ: Ընկերության ղեկավարները կարծում են, որ սեփական արտադրության ընդլայնումը լավագույն միջոցն է ամբողջ աշխարհում գլոբալ առաքումների ավելացման համար:
Աֆեյանի խոսքով, ընկերությունը վերլուծել է պատվաստանյութի բանաձևով կիսվելու ԱՀԿ-ի խնդրանքը և եզրակացրել, որ իրենք կարող են ընդլայնել արտադրությունը և միլիարդավոր լրացուցիչ դեղաչափեր տրամադրել 2022 թվականին:
«Առաջիկա 6-9 ամիսների ընթացքում բարձրորակ պատվաստանյութերի արտադրության ամենահուսալի և արդյունավետ միջոցը կլինի դրանց արտադրությունը»,- ասել է Աֆեյանը:
Նա նշել է, որ Moderna-ն մեկ տարուց պակաս ժամանակահատվածում զրոյական արտադրությունից հասել է 1 միլիարդ դեղաչափի, ուստի արտադրության աճն ընկերության լիազորությունների սահմաններում է:
«Մենք կարծում ենք, որ 2022 թվականին կարող ենք 1 միլիարդից հասնել 3 միլիարդի»,- ասել է Աֆեյանը:
Նրա խոսքերով՝ ընկերությունը զգալի քանակությամբ պատվաստանյութ է տրամադրել ավելի աղքատ երկրներին՝ հիմնականում ԱՄՆ կառավարության հետ աշխատանքի շնորհիվ: Moderna-ն նաև աշխատում է մի քանի կառավարությունների հետ՝ «օգնելու նրանց ապահովել ցածր եկամուտ ունեցող երկրներին հատուկ նշանակության մատակարարումներ»: