Այս պահի դրությամբ մենք ունենք դրական թեստերի մասնաբաժինը՝ 12-13 տոկոս, և հիվանդացության ցուցանիշը հասել է 475 -ի։
Այդ մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
«Նախ մենք կարմիր գոտում արդեն հայտնվել ենք. մոտ երկու ամիս է»,- ասաց նա։
Ռոմելա Աբովյանը հիշեցրեց, որ ԵՄ-ը փակել է սահմանները Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ մենք կարմիր գոտում ենք, և կարող է առավել վառվող կարմիր գոտում հայտնվելիս ավելի խստացվի. նաև այլ երկրներ սահմանափակեն իրենց մուտքը ՀՀ-ից։
Անդրադառնալով պատվաստանյութերի հարցին՝ նա ասաց հետևյալը.
«Պատվաստանյութերի հետ կապված մենք բացարձակ խնդիր չունենք, երևի արդեն բոլորը տեղեկացված են, որ կա Moderna-ն, և քննարկում ենք Pfizer/BioNTech պատվաստանյութի ներկրումը։ Պատվաստանյութերի և քանակի հետ մի փոքր կար խնդիր, բայց այս պահի դրությամբ բացարձակ ոչ մի խնդիր չունենք»,- նշեց նա։
Ռոմելա Աբովյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում և մոտ ժամանակներս արդեն կհայտարարվի՝ Pfizer/BioNTech-ը երբ կլինի Հայաստանում։
Խոսելով չինական պատվաստանյութի մասին՝ նա նշեց, որ մոտ օրերս սպասվում է նոր խմբաքանակ։ «Հստակ ժամանակ հնարավոր չէ ասել, բայց օպերատիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի անգամ եթե լինի որոշակի խնդիր, այդ խնդիրն արագ լուծվի»,- նշեց Աբովյանը։