Վերացվում է ՀՀ-ում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը։ Համապատասխան որոշում ընդունվեց կառավարությա դեկտեմբերի 1-ի նիստում։
Նշվում է, որ փոխանցումը կդառնա հայեցողական և կվերաբերի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին։
Նշենք, որ արձանագրությունը կարգավորվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով։ Համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարվել են համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետերում։
Նշենք, որ ըստ դրույթի՝ նախատեսվում է իրականացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունների զարգացման, մոնիթորինգի համակարգի ներդրման, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման համապատասխան ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և արդյունքների ներդրումը գործնականում:
Նախատեսվում է նաև կատարելագործել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման համակարգը՝ մասնավորապես դասեր քաղելով կորոնավիրուսային հիվանդության համավարակից, հնարավորինս ապահովելով երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծման ու տարածման կանխարգելումը, իմունականխարգելումը և ապահովելով իրական ժամանակում հիվանդությունների մասին տեղեկատվության հաղորդումը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 16-ին։