ՀՀ առողջապահության նախարարությունն զգուշացնում է՝ կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ առաջարկվում է որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:
Ըստ ԱՆ-ի՝ դեղին տենդի դեմ պարտադիր պատվաստում պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան որոշ երկրներ մուտք գործելիս` պատվաստման հավաստագրով:
«Կան առաջարկվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից, օրինակ՝ հեպատիտ A-ի, որովայնային տիֆի, տզային էնցեֆալիտի, պոլիոմիելիտի, COVID19-ի դեմ և այլն: Ներկայումս, հանգստի մեկնելուց առաջ խորհուրդ է տրվում պատվաստվել նաև կարմրուկի դեմ»,-հայտնում են նախարարությունից։
Տեղեկացնում են, որ եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել: Հայտնում են նաև, որ ճանապարհորդություն պլանավորելիս անհրաժեշտ է պատվաստվել մեկնելուց առնվազն 10 օր առաջ: