Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 տուժած, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Ըստ գերատեսչության՝ մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են։
Նրա խոսքով՝ տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար։
ՀՀ ՆԳՆ հայտնել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում՝ գազալցակայաններից մեկում ժամը 23:14-ին պայթյուն է հնչել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան-Սևան ճանապարհին գազալցականներից մեկում պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։