Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում հունիսի 6-ին տեղի ունեցած պայթյունից տուժած 7 քաղաքացիներից 4-ը լցակայանի աշխատակիցներ են, մեկն էլ փորձաշրջան էր անցնում, Armenia Today-ին հայտնել են «Գազ օիլ» ընկերությունից։
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել է տուժածների առողջական վիճակի մասին։
«Այժմ բուժում է ստանում 6 քաղաքացի, որոնցից 4-ի վիճակը կայուն է։ Տուժած 2 քաղաքացիները դեռ ծանյրահեղ ծանր վիճակում են, մենք պայքարում ենք նրանց կյանքի համար։ 2 քաղաքացու մարմնի մակերեսի մոտ 60%-ն այրել է, նաև թոքային հյուսվածքն է վնասվել»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ 2 տուժածներն ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար:
Ընկերության տնօրեն Էրիկ Հայրապետյանը ՍիվիլՆեթին պայթյունի վայրում հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի քանի ամիս առաջ գազալցակայանում փորձաքննություն էր իրականացրել, խախտումներ էին հայտնաբերել, որոնց հետ իրենք համաձայն չեն ու վիճարկել են։
«Սովորաբար տարին մեկ անգամ են փորձաքննություն անցնում, բայց մենք արդեն 5 անգամ անցել ենք։ Վերջինը 4-5 ամիս առաջ էր, որը բողոքարկվել է, քանի որ իրենք իրենց համար մի սարք են հորինել ու միայն այդ սարքին են հավատում։ Ես ասել եմ՝ ձեր սարքի արդյունքները հիմք չեմ ընդունում»,- ասել է Հայրապետյանը։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ տարածքն ապահոված է անվտանգության բոլոր համակարգերով։
Ավելի վաղ «Հետքը» պարզել էր, որ գազալցակայանը շահագործող «Գազ օիլ» ՍՊԸ-ն այդ իրավունքը չի ունեցել։
«Լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության»,- գրել էր կայքը։
Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ․ հատվածում տեղակայված գազալցակայաններից մեկում հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Նախնական վարկածով՝ պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հունիսի 7-ին Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնները և պահանջները խախտելու հատկանիշներով։