Բժշկական կենտրոն դիմած 7 հոգանոց ընտանիքի երեխաներից մեկը մահացել է, 9 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա, Armenia Today-ին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նա մանրամասնել է, որ հուլիսի 5-ին բժշկական կենտրոն է դիմել 7 հոգուց բաղկացած ընտանիք՝ հայրը, մայրը և 5 երեխաները։
«4 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ է դիմել, 9 տարեկան երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, այսօր արդեն նրա առողջական վիճակում դրական դինամիկա կա»,- նշել է Ծատրյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքի հայրը դուրս է գրվել, մայրը վաղը դուրս կգրվի։ Երեք երեխաները բուժօգնություն են ստանում մարզում, նրանց առողջական վիճակը լավ է։
Գերատեսչության մամուլի խոսնակը նշել է, որ դեռևս չեն կարող պարզել՝ սննդային թունավորո՞ւմ էր, թե՞ ոչ։ Նա հավելել է, որ լաբորատոր փորձաքննություն են իրականացնում սննդից և փսխման զանգվածից, պատճառը պարզ կլինի երկուշաբթի։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, իսկ հուլիսի 6-ին՝ նույն ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել նաև 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն: