«Արմավիր» բժշկական կենտոնը ԲԿ-ում դեկտեմբերի 2-ին ծնված աղջիկ երեխային Հովհաննես անվանակոչելու վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ նորածնի ծնողներին բժիշկները տեղեկացրել են, թե երեխան աղջիկ է։
«Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինն աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։ Նորածնի սեռն արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։ Դեկտեմբերի 3-ին նորածնի տատիկը, մոտենալով օպերատորին, տեղեկացրել է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրել է նորածնի անունն ու ազգանունը, իսկ օպերատորն անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով, Արմեդ համակարգում երեխայի սեռը նշել է արական»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Արմավիր» ԲԿ-ից հավելել են, որ իրենց «թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել թույլ տրված անփությունը»։
ԲԿ-ից տեղեկացրել են նաև, որ ավելի ուշ երեխային տեղափոխել են Երևան, քանի որ ծննդաբերությունը վաղաժամ էր, կեսարյան հատմամբ, իսկ նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։ Այդուհանդերձ, ծննդկանի և նորածնի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։
Աղջիկ երեխային Հովհաննես անվանակոչելու մասին դեկտեմբերի 10-ն գրել էր Shamshyan.com-ը՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 6-ին երեխայի ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված էր երեխայի արական սեռ լինելու փաստը։