SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, Կոտայքի մարզում սպանություն է տեղի ունեցել:
«Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծիրանի այգի» ռեստորանային համալիր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ճիշտ առաջին անհրաժեշտության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացածին ռեստորանի աշխատակիցներն են նկատել դրսում՝ արդեն վիրավոր վիճակում, և նրան էլ են առաջին բուժօգնութունը ցուցաբերել, ապա ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է»,-հայտնել է լրատվամիջոցը: