Երեկ` ապրիլի 1-ին, վիճաբանություն-կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նրա փոխանցմամբ՝ ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, որից 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Համլետ Սարգսյանը, ով եղել է դանակահարված և 26-ամյա Վռամ Պողոսյանը, ով եղել է հրազենային վնասվածքով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաբաջանյան փողոցի 115 շենքի բակային հատվածում, որտեղ էլ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Հայտնի է նաև, որ մինչ ոստիկանների և քննիչների ժամանումը, անհայտ անձինք փորձել են դեպքի վայրում հեռացնել հետքերը։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։