ԱԻՆ-ը չի մասնակցելու «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու աշխատանքներին: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը՝ նշելով, որ դա փորձագիտական, քննչական վարչությունների աշխատանքն է:
Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը կատարում է իրեն վերապահված աշխատանքները: Դեռ 40 քառակուսի մետր տարածք կա նայելու, փնտրում են ընդամենը մեկ մարդու մասունքները: Առաջիկայում նախատեսում է ստուգել նկուղային հարկը, որտեղ եղել են աշխատակիցները: Հստակ հայտնի չէ, թե քանի օր կպահանջվի աշխատանքներն ավարտելու համար: Հատկապես, որ գիշերը չեն աշխատում վտանգի բարձր աստիճանի պատճառով, սակայն մինչև օրվա վերջ տեղում են:
Խոսելով այս օրերին բազմիցս շոշափվող ուղղաթիռների թեմայի մասին, որոնք ԱԻՆ-ը չունի, Եմիշյանը նշեց, որ զարգացած բոլոր երկրներում էլ ավելորդ ծախսերից խուսափելու համար մի քանի գերատեսչություններ ունենում են ընդհանուր օգտագործման տեխնիկա: ԱԻՆ-ը հանգիստ օգտվում է ՊՆ -ի ուղղաթիռներից, եթե հարկ է լինում: Չէ՞ որ միայն ուղղաթիռի արժեքի հարցը չէ, դրանք հետագայում նաև սպասարկման մեծ ծախսեր են պահանջում:
Խոսելով կամավորների մասին, Եմիշյանն ասաց, որ ոմանք հրաշալի կատարել են իրենց հրմաններն ու օգնել որոնմանը, սակայն մեծ մասամբ նրանց չհամակարգված աշխատանքն ավելի շատ դանդաղեցրել է մասնագիտական աշխատանքը, քան արագացրել: Նա ընդգծեց Կարմիր խաչի կամավորների օգտակար աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: