Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած արտակարգ դեպքից։
Ըստ կայքի՝ Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։
Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։
Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։
Նշվում է, որ Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։
Ըստ կայքի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hummer-ի վրա կան կրակոցի հետքեր։