ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի մասին:
Գերատեսչությունից հայտնում են, որ մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն: Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա:
«Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով՝ հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին: Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք»,- հայտնում է ՔԿ-ն։
Նշվում է, որ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, նա Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին․ կիրառվել է հրազեն։