Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, վիրավորները զինվորականներ են, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 13։50-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։ Նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է նախաքննությամբ զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։