Մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող ակումբներից մեկում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների թվում են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ռազմական ոստիկանության ծառայողների վատ պահվածքի պատճառով, իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ նրանց հորդորել են, որպեսզի իրենց պարկեշտ պահեն, ինչը դուր չի եկել նրանց։