Այսօր մեղադրյալը ցատկել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեն մանրամասնում է, որ մեղադրյալն Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանն էր, որին 2022թ․ սեպտեմբերի 30-ին ներկայացվել էր մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված եղել բացակայելու արգելը։ Ավելի ուշ մեղադրանքը լրացվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ մերժվել էր»,- հայտնում է ՔԿ-ն։
Այդուհանդերձ, նոր տվյալների հիման վրա դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու և դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։
Վարչության երրորդ հարկում, միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում՝ ստացած վնասվածքներից, վերջինս մահացել է։ Կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։