Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին, որը խլել է երեք մարդու կյանք։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մարտի 22-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։
«BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել նախ «Skoda», ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով «Ford» մակնիշի ավտոմեքենային, ապա «Volkswagen»-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։
Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով 342 (երթևեկության պահանջների կամ կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ, պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում պարզվել է, որ բոլոր վարորդները եղել են սթափ վիճակում։ Նշանակվել է փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք քաղաքացիներ։ Բարբախտաբար, «Ford» մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորից որևէ մեկը վնասվածք չի ստացել։
Վերջին շաբաթվա ընթացքում սա երրորդ խոշոր ավտովթարն է Հայաստանում։ Մարտի 19-ին երկու ՃՏՊ-ի հետևանքով զոհվել էր 7 մարդ։ Սյունիքի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարի հետեւանքով չորս մարդ էր մահացել: Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ զոհվել էր, ևս երկուսը հոսպիտալացվել էին։