Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել է ցուցարարների ուղղությամբ, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Ցուցարարները շրջապատել են մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս են բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրել են անգործության մեջ։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին կոչ է արել չտրվել հնարավոր սադրանքներին, ինչպես նաև դիմել ոստիկաններին, որպեսզի վերջիններս ապահովեն քաղաքացիների անվտանգությունը։
«Ոստիկանությանը դիմում եմ, որպեսզի տիրապետեն իրավիճակին, ժողովրդին պաշտպանեք, այլ քայլերի մի՛ դիմեք»,- ասել է Գալստանյանը։
Տեղում հերթապահող շտապօգնության բրիգադի աշխատակիցն Armenia Today-ի թղթակցին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։