Ներքին գործերի փրկարար ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ են հայտնել հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին։
ԱՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա, տեղեկացրել են ԱՆ-ից։
«Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,- հավելել են ԱՆ-ից։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի՝ ժամը 08։51-ի դրությամբ, բոլոր ռեզերվուարներից գազի արտահոսքը դադարեցվել է։
Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ․ հատվածում տեղակայված գազալցակայաններից մեկում հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Նախնական վարկածով՝ պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։